Կարծես թե Էդեն Ազարը քիչ-քիչ մարզավիճակ է հավաքում։ Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը օրերս նշեց, որ շատ շուտով Ազարը կրկին կփայլի խաղադաշտում այնպես, ինչպես դա անում էր «Չելսիում» հանդես գալու տարիներին։
Այսօր Ազարը կվերադառնա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ, որը այդպես էլ չի հասցրել վայելել նրա խաղը։ Այժմ բելգիացին գիտակցում է, որ նա այլևս անձեռնմխելի ֆուտբոլիստ չէ «Ռեալում»։ Նա կորցրել է այդ ամենը, և չնայած այն բանին, որ Վինիսիուսը նոր է միացել թիմին, «Սելտայի» դեմ խաղում Ազարը տեղը մեկնարկային կազմում երաշխավորված չէ։ Վերջին անգամ Ազարը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում խաղացել է հենց «Սելտայի» դեմ։
Ազարը մրցաշրջանը մեկնարկեց հիմնական կազմի ֆուտբոլիստի դերով։ Այդ կերպ Կարլո Անչելոտին վստահություն ներշնչեց բելգիացուն։ Ազարը իր հերթին պատրաստ է ուղղվել։ Օրերս նա նշեց, որ պարտք ունի «Ռեալին» տալու և այժմ ժամանակն է՝ այդ խոսքերը խաղադաշտում ապացուցելու։
Ազարը գիտակցում է, որ պետք է վերադարձնի իր լավագույն մարզավիճակը, որը իր հերթին հետ կբերի թե՛ թիմակիցների և մարզիչների, և թե՛ երկրպագուների վստահությունը։ Անչելոտին վստահում է նրան, բայց մյուս կողմից հասկանում է, որ չի կարող կանգնեցնել Վինիսիուսի աճը։ Առայժմ բրազիլացին ավելի մեծ օգուտ է բերում թիմին, քան Ազարը։
Էդենը, սակայն, վստահ է, որ կարող է շտկել իրավիճակը։ Այն մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում հետևել են նրա մարզումներին, նշում են, որ այս մրցաշրջանից առաջ Ազարը շատ ավելի մեծ աշխատանք է կատարել և շարունակում է անել դա։ Ազարը հասկանում է, որ իր գնացքը շուտով շարժվելու է տեղից և նա ցանկանում է տեղ գտնել այդ գնացքում։
Los Merengues, Realmadrid.am