«Արքայական» ակումբը վերջին երկու խաղերում միավորներ կորցրեց՝ նախ ոչ ոքի խաղալով «Վիլյառեալի» հետ, իսկ այնուհետև անակնկալ պարտություն կրելով «Շերիֆի» դեմ խաղում։ Անչելոտիի թիմը պետք է վերադառնա հաղթական ուղու վրա վաղը կայանալիք «Էսպանյոլի» դեմ խաղւոմ։ Կարլո Անչելոտին հասկանում է, որ թիմին ռոտացիա է անհրաժեշտ, սակայն չի պատրաստվում հանգստի հնարավորություն տալ առանցքային ֆուտբոլիստներին։
Մրցաշրջանի մեկնարկից ի վեր ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստները Միլիտաոն և Բենզեման են։ Բրազիլացին ոչ մի րոպե բաց չի թողել այս մրցաշրջանում, իսկ Բենզեման խաղադաշտում չի եղել հնարավոր 810 րոպեներից միայն 12-ում։ Մյուս կողմից Բենզեման մեծ ազդեցություն ունի թիմի խաղի վրա, ինչը վկայում են նրա խփած գոլերն ու կատարած գոլային փոխանցումները։
«Շերիֆի» դեմ խաղում Կարիմը կարող էր հանգստի հնարավորություն ստանալ, սակայն ամեն բան չգնաց այնպես, ինչպես ցանկանում էին «Սերուցքայինները», ուստի Անչելոտիին այլ բան չէր մնում, քան հույսը դնել ֆրանսիացու վրա։
Ամեն բան խոսում է այն մասին, որ «Էսպանյոլի» դեմ խաղում Բենզեման լինելու է մեկնարկային կազմում։ Միլիտաոն ևս մեծ հավանականությամբ կլինի մեկնարկային կազմում և պաշտպանությունում զույգ կկազմի Դավիդ Ալաբայի հետ, ով ևս շատ քիչ է հանգստի հնարավորություն ստացել։ Ավստրիացին բաց է թողել միայն մեկ հանդիպում։
Los Merengues, Realmadrid.am