Անսովոր է տեսնել, թե ինչպես է Անչելոտին քննադատում սեփական թիմի խաղը, սակայն «Լևանտեի» դեմ հանդիպումից հետո իտալացի մասնագետը բավական կտրուկ արտահայտվեց։
«Մենք պետք է բարելավենք խաղը պաշտպանությունում, և դա կախված է բոլորից։ «Լևանտեի» երկրորդ գոլի ժամանակ հարձակվող կողմը քանակական առավելություն ուներ։ Դա անթույլատրելի է։ Ամենավատ դեպքում նման գրոհների ժամանակ մենք պետք է դիամավորենք մրցակցին հավասար քանակի ֆուտբոլիստներով». նշել է Անչելոտին։
«Լևանտեի» դեմ խաղում «Ռեալը» իրոք իրեն լավագույնս չդրսևորեց պաշտպանությունում, և այդ ամենի մեջ պետք չէ մեղադրել Կուրտուային։ Առաջին գոլի ժամանակ Վասկեսը խախտել էր պաշտպանությանը գիծը, և արհեստական խաղից դուրս ստեղծելու փորձը ձախողվեց։ Երկրորդ գոլի ժամանակ նույն Վասկեսը մնացել էր երկու ֆուտբոլիստների հետ։ Ո՛չ Վալվերդեն, և ո՛չ էլ Գարեթ Բեյլը չէին հասցրել միանալ պաշտպանությանը և օգնել Վասկեսին։ Իսկ երրորդ գոլի ժամանակ գնդակը անհաջող կերպով դիպչեց Ալաբայի գլխին և հայտնվեց «Լևանտեի» ֆուտբոլիստի մոտ։
Տրամաբանական է, որ Անչելոտին պետք է դժգոհ լիներ նման պաշտպանությունից։ Այն ակումբը, որը խնդիրներ ունի նաև հարձակման գծում, իրավունք չունի նման մրցակցի դեմ խաղում երեք գոլ բաց թողնել։ Այդ բարդ իրավիճակում «Ռեալին» օգնության հասավ Վինիսիուսը։ Բենզեման այդքան էլ ակտիվ չէր, իսկ Բեյլը, ով բացել էր հանդիպման հաշիվը, փոխարինվեց երկրորդ կեսի մեկնարկում, քանի որ Անչելոտիին առաջին հերթին հետաքրքրում էր պաշտպանությունը։
Մրցաշրջանի այս հատվածում Կարլոն փորձելու է ամրացնել թիմի պաշտպանությունը, քանի որ Ռամոսի և Վարանի հեռանալուց հետո «Սերուցքայինները» խաղադաշտի այդ հատվածում ակնհայտ խնդիրներ ունեն։ «Լևանտեի» դեմ խաղում Անչելոտիին չբավարարեց լատերալների խաղը՝ մասնավորապես աջ եզրում։ Բացի այդ այս տակտիկական սխեման թույլ չի տալիս Կազեմիրոյին առաջ շարժվել։ Նա պետք է կենտրոնացած լինի պաշտպանության վրա։
Ամեն դեպքում մրցաշրջանը դեռ նոր է մեկնարկել, բայց պետք չէ հաշվի չառնել, որ «Ռեալը» երկու խաղերի արդյունքում ավելի շատ է բաց թողել, քան «Ատլետիկոն» (1), և «Բարսելոնան» (3)։ Դեռ ժամանակ կա սխալները շտկելու համար, սակայն Կարլո Անչելոտին իր ֆուտբոլիստների զգուշացրեց հենց «Լևանտեի» դեմ խաղից հետո։
Los Merengues, Realmadrid.am