Հոդվածներ

Կուրտուա. «Ռեալը» պետք է հաղթի «Բարսելոնային»
22.10.2026
44 0

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան «Բարսելոնայի» դեմ կայանալիք խաղից առաջ կիսվել է իր ակնկալիքներով:

Թիմերը կհանդիպեն «Կամպ Նոու» մարզադաշտում՝ Լա Լիգայի 10-րդ տուրի շրջանակում: «Բարսան» հաղթել է բոլոր 9 խաղերում և գլխավորում է աղյուսակը, իսկ «Մադրիդն» ունի 6 միավոր պակաս:

«Կարծում եմ՝ մենք պատրաստ ենք: Սա միշտ էլ առանձնահատուկ խաղ է: Ինձ վիճակվել է խաղալ «Կլասիկոներում», երբ թիմերից մեկն ավելի լավ հնչեղություն ուներ կամ ավելի լավ մարզավիճակում էր, քան մյուսը, բայց խաղը միևնույն է հավասար էր անցնում: Նման հանդիպումներում շանսերը միշտ 50-50 են: «Ռեալը» երբեք չպետք է մոտենա Կլասիկոյին հետնապահի կարգավիճակով:

Նախկինում ես այս խաղերը դիտում էի հեռուստացույցով: Երբ դեռ հանդես էի գալիս «Ատլետիկոյում», և մենք մեկնում էինք արտագնա խաղի հենց այն հանգստյան օրերին, երբ կայանում էր Կլասիկոն, ամբողջ թիմով կանխատեսումներ էինք անում խաղի ելքի վերաբերյալ: Դրանք այնպիսի հանդիպումներ էին, որոնք ցանկանում էիր տեսնել հեռուստացույցով՝ նույնիսկ այն ժամանակ, երբ խաղում էի «Չելսիում»:

Նման հանդիպումներին սպասում ես անհամբերությամբ, քանի որ դրանք միշտ էլ հիասքանչ խաղեր են: Վերջին երկու մրցաշրջաններում մենք ավելի շատ անկումներ ենք ունեցել, քան վերելքներ։ Եղել են ինչպես վառ պահեր, այնպես էլ ոչ այնքան հաջող: Հուսով եմ՝ այս տարի մեզ կհաջողվի բեկել իրավիճակը: Կիրակի օրը մենք պետք է հաղթենք:

Ինչ-որ պահի «Կլասիկոյում», հնարավոր է, աստղերի պակաս կար: Հիմա մենք ունենք Մբապե, Վինիսիուս, Բելինգեմ, իսկ «Բարսելոնայի» կազմում՝ Ռաֆինյա և Յամալ: Լամինը հիանալի ֆուտբոլիստ է, նա մեծ աշխատանք է կատարում:

«Կլասիկոն» միշտ էլ շատ լարված դիմակայություն է, սա սկզբունքային մրցակցություն է: Վերջին տարիներին որոշ խաղերում նրանք մեզ համար քիչ խնդիրներ չեն ստեղծել: Հիմա մեզ համար կարևոր է արժանի պատասխան տալը:

«Բարսան» հիմա շատ լավ է խաղում, նրանք գերազանց մարզավիճակում են: Լավ է, որ մենք նույնպես թափ ենք հավաքել». ասել է բելգիացին:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված