Հոդվածներ

Ֆլորենտինոն ընդդեմ Բենքսիի
24.05.2026
132 0

Այն, ինչ կատարվում է կիրակի օրերին

Ընտրություններ են սպասվում: Դրանք հրավիրեց Ֆլորենտինոն, նետեց ստվերների մեջ՝ պահանջելով, որ այնտեղից դուրս գա մի անհայտ մրցակից, կազմակերպեց դրանք՝ ականապատելով այդ նույն մրցակցի ներկայանալու հնարավորությունները, և, հակառակ շատ կանխատեսումների, ահա նրանք այստեղ են: Ֆլորենտինոն ընդդեմ մի թեկնածուի, ում գրեթե ոչ ոք չէր նկատել իր ռադարների վրա, և ում նախագահն ինքը հանձն առավ օժտել խորհրդավորության այնպիսի աուրայով, ինչը նրան այնքան հետաքրքիր դարձրեց, որ համարյա ցանկություն է առաջանում, որ նա ներկայացած լիներ որպես Բենքսի՝ անանունության մեջ, Մադրիդով մեկ նախընտրական պաստառներ փակցնելով առանց որևէ մեկի կողմից նկատվելու, Կիո աշտարակների վրա Կլոպի գրաֆիտի թողնելով, իսկ ACS-ի կենտրոնակայանի դիմաց՝ Հոլանդի քանդակը: Որպեսզի քվեաթերթիկների վրա գրված լիներ «Ֆլորենտինո» և «Մյուսը»:

Բայց Էնրիկե Ռիկելմեն որոշել է լուրջ գործել: Եվ դա գնահատելի է, որովհետև «Ռեալ Մադրիդում» արդեն երկու տասնամյակ է, ինչ ոչ մի բանավեճ չկա: Ոչ ոք չի համարձակվել իրական այլընտրանք ներկայացնել, ասել. «Կարծում եմ՝ ակումբը կառավարելու այլ ձև էլ կա»: Եվ հիմա նա ոչ միայն կարողանալու է դա ասել, այլև կարողանալու է գոռալ դա: Որովհետև Ֆլորենտինոն նրան նվիրել է ամենադժվար հասանելի բանը՝ ուշադրություն:

Նա հասել է նրան, որ ողջ մադրիդիստների բանակը ցանկանում է լսել, թե ինչ ունի ասելու մի մարդ, ում տասը օր առաջ չէին էլ ճանաչում: Եվ հիմա նրանք կլանելու են նրա խոսքերը, նրա մարզական պլանը, նրա գաղափարները տրանսֆերների, մարզչական նստարանի և ակումբի տնտեսական ապագայի մասին: Դա այն քննությունն է, որը Ռիկելմեն հիմա պետք է հանձնի՝ օգտագործել ուշադրության կենտրոնը լրջորեն առաջադրվելու համար, ներկայացնել շոշափելի ու ոգևորիչ նախագիծ, թողնել «նախագահանալու ընդունակ» մարդու տպավորություն և չմնալ որպես պարզապես փառք փնտրող անձնավորություն: Սպասումները մեծ են:

Ֆլորենտինոյին այդքան շատ լսելու ցանկություն չկա, ճիշտն ասած: Նրա հայտնվելուց, հարցազրույցից ու պաստառից հետո պարզ է դառնում, որ նրա քարոզարշավը հիմնված է անցյալի վրա, այն բանի վրա, թե ինչ է նվաճել «Ռեալ Մադրիդը» նրա ղեկավարությամբ, և ոչ թե այն բանի, թե ինչ է լինելու այս ամառվանից սկսած, ինչն իրականում հետաքրքրում է: Արդյո՞ք նրա մարզիչը Մոուրինյոն է լինելու, արդյո՞ք նա նորից որոշ խաղացողների վեր է դասելու ակումբի ընդհանուր բարօրությունից, և արդյո՞ք «Բեռնաբեուում» քո ծնկները հարվածելու են քո կողքի երկու հարևանների ծնկներին: Բայց նա կառչել է այն մտքից, որ ինքը պատմության լավագույն նախագահն է, և որ մնացածները պետք է ինքնասպան լինեն: Եթե դա միակ բանն է, որ նա ունի ասելու, այն էլ նման ձևերով, ավելի լավ է՝ էլ չխոսի:

Ընտրությունների առկայությունը գնահատելի է նաև այն պատճառով, թե արդյոք դրանք վերջինը չեն լինելու: Վատ չէր նետված Ռիկելմեի նախընտրական այդ մոտեցումը: Եթե առաջ գնա ընկերության կառուցվածքային մոդելը փոխելու այն պլանը, որը Ֆլորենտինոն ունի մտքում, շատ կասկածներ կան ակումբի առավելագույն ներկայացուցչի ապագա ընտրության վերաբերյալ: Կլինի՞ արդյոք բաժնետերերի խորհուրդ: Արդյո՞ք արտաքին ներդրողը կունենա վերջին խոսքը: Կընտրվի՞ նախագահ, գործադիր տնօրեն (CEO), թե՞ պատվիրակված խորհրդական: Այն, ինչ պարզ է թվում, այն է, որ անդամների (սոսիոների) կանչը դեպի քվեատուփեր արմատապես կփոխվի: Եվ հենց այս ճեղքի՝ կասկածի միջով էլ թեկնածուն ուզում է սպրդել տատանվող անդամի ուղեղի մեջ:

Քվեների այն տոկոսը, որը կստանա Ռիկելմեն, կմիավորի այն մարդկանց, ովքեր իրապես ուզում են, որ նա լինի նախագահ, նրանց, ովքեր չեն ուզում Մոուրինյոյին, նրանց, ում նա կհաջողի համոզել իր ծրագրով (մարզիչ, տրանսֆերներ, նախագիծ...) և նրանց, ովքեր կքվեարկեն նրա օգտին Ֆլորենտինոյին պատժելու համար, բայց ովքեր ուզում են, որ նա շարունակի մնալ նախագահ, որովհետև այդպիսիք էլ կան: «Երբ «Բեռնաբեուում» մարդիկ շրջվում են դեպի օթյակը և սուլում են նրան կամ սպիտակ թաշկինակներ հանում, դա հրաժարականի համար չէ, դա նրա համար է, որ նա սթափվի»,– օրերս ինձ ասում էր ակումբի մի անդամ: Վերջին որոշումները՝ Սուպերլիգայից մինչև Խաբի Ալոնսոյի հեռացումը, կարող են պատճառ դառնալ, որ դժգոհությունը բարձրացնի այդ տոկոսը՝ չգիտենք, թե մինչև ուր:

Հիմա գալիս է ամենաբարդ պահը Ռիկելմեի թեկնածության համար: Վարագույրը կբացվի, և մենք կտեսնենք, թե ով է նա, ովքեր են ուղեկցում նրան, ինչ պլան ունի, ու կսկսեն փնտրել նրա թույլ կողմերը: Դե, դրանով արդեն սկսել են զբաղվել: Հնարավոր է՝ ի վերջո նա մտածի, որ ավելի լավ էր ներկայանալ որպես Բենքսի: