Հոդվածներ

Դավիդ Ալաբա. Երեք խնդիր, մեկ լուծում
04.02.2021
3138 0

Դավիդ Ալաբան, ով շատ մոտ է ամռանը Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը, ակնհայտորեն կարող է կարևոր ֆուտբոլիստ դառնալ Զինեդին Զիդանի համար։ 

Ավստրիացի ֆուտբոլիստը ունիվերսալ է և կարող է խաղալ տարբեր դիրքերում։

Ալաբան որպես ձախ պաշտպան։ 

Մարսելոն մեծ պատմություն է կերտել «Ռեալում», սակայն ակնհայտ է, որ նրա լավագույն ժամանակները «Արքայական» ակումբում ավարտվել են։ 

Ֆերլան Մենդին չի գոհացնում Զիդանի սպասելիքները, քանի որ հարձակմանը միանալիս նրա օգտակարությունը բավական ցածր է։ Իսկ ահա Ալաբան փորձառու ֆուտբոլիստ է և լավ է իրեն զգում թե՛ պաշտպանվելիս, և թե՛ հարձակվելիս։ 

Ալաբան որպես կենտրոնական պաշտպան։ 

Սերխիո Ռամոսի ապագան «Ռեալում» դեռ անհայտ է, ուստի «Սերուցքայինները» պետք է մտածեն նաև կենտրոնական պաշտպանի դիրքը ուժեղացնելու մասին։ 

Այս մրցաշրջանում Ալաբան «Բավարիայի» կազմում մասնակցել է 24 հանդիպման, որոնցից 21-ում խաղադաշտ է դուրս եկել կենտրոնական պաշտպանի դիրքում։ Սա նշանակում է, որ այդ դիրքը նորություն չէ նրա համար։ 

Եթե Ռամոսը որոշի մնալ «Ռեալում», ապա Ալաբան կպայքարի հիմնական կազմում տեղի համար Ռաֆայել Վարանի հետ։ 

Բայց գաղտնիք չէ, որ Զինեդին Զիդանը Վարանի մեծ երկրպագու է, ու դժվար թե Ալաբան հեշտությամբ ձեռք բերի մեկնարկային կազմում իր տեղը այդ դիրքում։

Ավելի հավանական է, որ ավստրիացին խաղա ձախ եզրային պաշտպանի դիրքում։ 

Ալաբան որպես հենակետային կիսապաշտպան։

2015-ից ի վեր Կարլոս Կազեմիրոն վստահորեն «Ռեալի» հիմնական ու անփոխարինելի հենակետային կիսապաշտպանն է։ Քիչ հավանական է, որ Ալաբան կկարողանա տեղ գտնել հիմնական կազմում հենց այդ դիրքում։ Սակայն «Ռեալում» ներկա պահին չկա ֆուտբոլիստ, ով անհրաժեշտության դեպքում կարող է լիարժեք փոխարինել բրազիլացուն։ Իսկ Ալաբան իր հարուստ փորձով կարող է դա անել։ 

Այդ դիրքում խաղալը նույնպես նոր բան չէ Ալաբայի համար։ Նա հենակետային կիսապաշտպանի դիրքում խաղալու փորձ ունի թե՛ հավաքականի, և թե՛ «Բավարիայի» կազմում։ 

Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ ծրագրեր ունի Զիդանը Ալաբայի հետ կապված։ 

«Ռեալում» հիմա խնդիրները շատ են, և ավստրիացին կարող է դառնալ այդ խնդիրներից մի քանիսի լուծումը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված