Հոդվածներ

The Athletic. «Ռեալի» առաջնահերթությունները
11.03.2025
517 0

The Athletic-ի լրագրող Կորտեգանայի կազմած նորությունների ամփոփագիրը

Սուբիմենդիի թեկնածությունը «Ռեալի» ամենաշատ հիշատակվող անուններից մեկն է։ Ակումբի որոշ ներկայացուցիչներ հավանում են 26-ամյա կիսապաշտպանի խաղաոճը, սակայն թվում է՝ նրա տրանսֆերը առաջնահերթություն չէ «սերուցքայինների» համար։

Եթե «Ռեալը» հաղթի Լա Լիգայում կամ նվաճի այլ տիտղոսներ, Անչելոտիի հեռացումը կլինի բարդ որոշում ակումբի ղեկավարության համար։ Բացի այդ, «սերուցքայինների» մոտ կան որոշ մտավախություններ, թե ինչպես նոր գլխավոր մարզչի նշանակումը կարող է ազդել թիմի վրա՝ 2025-ի Աշխարհի ակումբային առաջնությունից առաջ։

Քիչ հավանական է, որ առաջիկա ամռանը «Ռեալ Մադրիդը» փորձի ձեռք բերել Սալիբային, քանի որ «Արսենալը» չի պատրաստվում վաճառել 23-ամյա պաշտպանին, որի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2027 թվականը։ «Սերուցքայինները» կցանկանային սպասել՝ խաղացողին առավել խելամիտ գնով ձեռք բերելու համար։

Սակայն եթե հենց Սալիբան ցանկանա փոխել թիմը, իրավիճակը կարող է փոխվել։ Այդուհանդերձ, դա հազիվ թե տեղի ունենա մոտակա ժամանակաշրջանում։

Այս պահին «Ռեալի» կազմում կան Միլիտաոն, Ալաբան, Ռյուդիգերը, ինչպես նաև ակադեմիայից մի քանի խաղացողներ։ Թիմը ունի տարբերակներ՝ ուժեղացնելու կենտրոնական պաշտպանի դիրքը, բայց ակումբը չի շտապում նոր պաշտպան ստորագրել, թեև այդ ուղղությամբ որոշ քննարկումներ կան։