Հաջորդ մրցաշրջանն առանցքային կդառնա Ռոդրիգոյի համար։ Նախորդ մրցաշրջանում նա առաջին անգամ դրսևորեց իրեն որպես մեկնարկային կազմի ֆուտբոլիստ, սակայն ամռանը «Ռեալին» կմիանա Կիլիան Մբապեն։
Վինիսիուս Ժունիորն անձեռնմխելի է, բացի այդ, թիմ է ժամանելու Էնդրիկը և Ռոդրիգոն պետք է պայքարի իր տեղի համար։ Էնդրիկը չի դիտարկում վարձակալության մեկնելու կամ «Կաստիլյայում» հանդես գալու տարբերակը, ինչպես իր հայրենակիցները 2018 և 2019 թվականին։
Ռոդրիգոն արդեն «անուն հանել է» և նրա տրանսֆերային արժեքն այս պահին կազմում է 110 միլիոն եվրո, սակայն «Ռեալում» մրցակցությունը խելահեղ է։ Կառլո Անչելոտին արդեն սկսել է ծրագրել ֆուտբոլիստների դիրքը 4–3–3 սխեմայի պարագայում, որտեղ Վինիսիուս Ժունիորը խաղալու է ձախ եզրից, Մբապեին՝ կենտրոնից, իսկ Ռոդրիգոն աջ եզրից։
Նախորդ մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է51 հանդիպման (17 գոլ և 8 ասիստ) և այս ցուցանիշով նրան գերազանցում է միայն Ֆեդերիկո Վալվերդեն (54):
Այս ամառը շատ կարևոր է լինելու Ռոդրիգոյի համար։ Ֆուտբոլիստը վստահ է իր ուժերին և պատրաստվում է Բրազիլիայի հավաքականի հետ մասնակցել Ամերիկայի գավաթին։
«Մենք կարող ենք միասին խաղալ, Անչելոտին ելք կգտնի։ Լավ ֆուտբոլիստները պետք է միասին հանդես գան»,– կարծում է Ռոդրիգոն։