Նախորդ տարվա մայիսին Մբապեն բռնել էր ՊՍԺ-ի՝ 2025 գրությամբ մարզաշապիկը և լայնորեն ժպտում էր՝ այդպիսով երջանկացնելով Նասեր Ալ Խելաիֆիին:
Այս դրամային կուլիսներում հետևում է «Ռեալը» և դա հասկանալի է, քանի որ Մբապեի հետ նրա «արգելված սիրավեպը» ձգվում է շուրջ 10 տարի:
Սկիզբը. ընտանիքի ընկերը Մբապեին նվիրում է «Բեռնաբեուի» մակետը, իսկ 10-ամյա երեխան խոստանում է, որ նրան մի օր կհրավիրի ստադիոնի VIP սրահ
Ինչպես ցանկացած ֆրանսիացի երեխա, Մբապեն պաշտում էր Զինեդին Զիդանին:
«Ես ցանկանում էի նրան կրկնօրինակել ամեն հարցում: Կարծում եմ՝ պատկերացնում եք, թե դա ինչպես է լինում: Եթե ձեզ դուր է գալիս որևէ ֆուտբոլիստ, դուք նրան նմանվելու փորձել կանեք: Եթե նա սպանախ է ուտում, դուք նույնպես անում եք նույնը, անգամ եթե տանել չեք կարողանում դա: Այդ ժամանակ ես չէի հասկանում, որ Զիդանը ճաղատ է, այդ պատճառով էլ մի օր գնացի վարսավիրանոց և խնդրեցի Զիդանի պես սանրվածք անել, ինչին ի պատասխան վարսավիրն ասաց, որ ինձ գժի տեղ կդնեն»,- ասել է Մբապեն 2017-ին՝ Canal+ հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ավելին՝ դուք հաստատ տեսել եք այս լուսանկարը՝ փոքրիկ Կիլիանը նստած է մահճակալին, իսկ նրա սենյակի պատերն ամբողջությամբ պատված են Կրիշտիանու Ռոնալդուի պաստառներով:
«Կիլիանը «Ռեալի» մեծագույն երկրպագու է, իսկ նրա կուռքը Կրիշտիանու Ռոնալդուն է: Նա ժամերով համացանցում դիտում էր Ռոնալդուի մասնակցությամբ դրվագներ»,- France Football-ին 2016 թվականին տված հարցազրույցում ասում էր ֆուտբոլիստի հայրը՝ Վիլֆրիդը:
Երբ լրացավ Մբապեի 10 տարեկանը, ընտանիքի ընկերը նրան նվիրեց «Սանտիագո Բեռնաբեուի» մակետը, իսկ Կիլիանը պատասխանեց. «Մի օր ես քեզ կհրավիրեմ այս ստադիոնի VIP սրահ»:
2012 թվական. շրջագայություն Զիդանի հետ և առաջին մերժումը «Ռեալին»
14-ամյա Մբապեին սպասվում էր մեծ անակնկալ: Նրա հորը զանգել էին «Ռեալից» և հրավիրել Իսպանիա՝ ասելով. «Զիդանը ցանկանում է հանդիպել ձեր որդու հետ»: Այդ ժամանակ նա զբաղեցնում էր «Ռեալի» մարզական տնօրենի պաշտոնը:
Կիլիանը ոչ մեկին չէր ասել, թե ուր է գնում՝ անգամ ամենամտերիմ ընկերներին: Չափից դուրս շատ էր նյարդայնանում: «Մենք չէինք գնացել Մադրիդ, որ իմանայինք Կիլիանի պոտենցիալի մասին, մեր նպատակը նրան ուրախացնելն էր»,- ավելի ուշ հայտարարել էր նրա հայրը:
Կարծես թե՝ անակնկալը ստացված էր:
«Երբեք չեմ մոռանա այն պահը, երբ մենք ժամանեցինք: Զիդանը մեզ հանդիպեց ավտոկայանատեղիում, հիանալի մեքենա ուներ: Մենք բարևեցինք իրար, իսկ հետո նա ինձ առաջարկեց տանել մարզման և ցույց տվեց մեքենայի նստատեղի կենտրոնական հատվածը:
Ես մի պահ սառա և նրան հարցրի, թե արդյոք պե՞տք է հանել կոշիկները: Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու այդպես ասացի, չէ՞ որ դա Զիդանի մեքենան էր:
Իմ խոսքերը նրան զվարճացրին և նա պատասխանեց՝ իհարկե ոչ, նստիր»,- հիշել է Մբապեն Players Tribune սյունակում:
Այդ ժամանակ Մբապեն ոչ միայն մարզվել էր, այլ նաև ներկա գտնվել «Էսպանյոլի» դեմ խաղին, ինչպես նաև շփվել իր կուռքի հետ:
Այս պատմության մասին Մբապեն մանրամասն հայտնել էր իր ինքնակենսագրական կոմիքսում՝ Je m’appelle Kylian («Իմ անունը Կիլիան է»), որը լույս է տեսել 2021 թվականի նոյեմբերին: Այնտեղ Կիլիանը «Ռեալի» մարզաշապիկով հանդիպում է Զիդանին և Ռոնալդուին, իսկ հորն ասում է, որ իր կյանքի լավագույն օրն էր:
Մբապեն շատ էր տպավորել Զիդանին: Նրան երազում էին պահել «Ռեալում», սակայն չկարողացան: «Ծնողներս ցանկանում էին, որ ես կարիերաս սկսեմ Ֆրանսիայում և կրթություն ստանամ Ֆրանսիայում: Այո նա Զիդանն էր, բայց Իսպանիան այլ երկիր էր, այլ մշակույթով»,- 2021 թվականին L’Obs-ին տված հարցազրույցում խոստովանել էր Մբապեն:
«Մենք երկար շփվեցինք «Ռեալի» ներկայացուցիչների հետ: Նրանք շատ բաներ բացատրեցին, պատմեցին նախագծի մասին, օգնեցին: Ամեն դեպքում մենք մնացինք Ֆրանսիայում: Կիլիանն ընդամենը 14 տարեկան էր: Իհարկե, կարելի էր գնալ «Ռեալ», բայց հետո՞: Մենք խորհրդակցեցինք և ընտրեցինք «Մոնակոն»,- պատմել է հարձակվողի հորեղբայրը՝ Պիեռը, որը նրանց հետ գնացել էր Մադրիդ:
2017 թվական. «Ռեալը» պայմանավորվել էր «Մոնակոյի» հետ, սակայն հարձակվողն ընտրեց ՊՍԺ-ն. պատճառը հոր կասկածներն էին
2015 թվականի դեկտեմբերին Մբապեն նորամուտը նշեց «Մոնակոյի» հիմնական կազմում և արդեն երկու տարի անց տպավորեց բոլորին՝ 46 խաղում 28 գոլ և 11 գոլային փոխանցում, Լիգա 1-ի հաղթող և Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:
«Ռեալը» չէր կարող չցանկանալ այդ ֆուտբոլիստին: «Հիմա ես խաղում եմ «Մոնակոյում» և քայլ առ քայլ առաջ եմ շարժվում: «Ռեալը» կարիերայի պիկում գտնվող ֆուտբոլիստների ակումբն է և ես դեռ այդ խաղամակարդակին չեմ հասել»,- ասում էր 18-ամյա Մբապեն:
2017 թվականի ամռանը «Ռեալը» կրկին հայտնվեց Մբապեի կյանքում՝ ակտիվորեն կապ էր պահպանում նրա շրջապատի հետ, իսկ հետո սկսվեցին «Մոնակոյի» հետ բանակցությունները: Իհարկե, նոր աստղին ցանկանում էր գնել ոչ միայն «Ռեալը»:
«Մարզումային գործընթաց էր, որի ժամանակ «Ռեալը» զանգեց և ասաց, որ պատրաստ է 180 միլիոն եվրո վճարել Մբապեի համար: Դրանից հետո ես հանդիպեցի Կիլիանի հետ և ասացի, որ մենք առաջարկ ենք ստացել, որից անհնար է հրաժարվելը: Դա քո երազանքների ակումբն է, լավ մտածիր, իսկ հետո կզրուցենք»,- 2018 թվականին Canal+-ին տված հարցազրուցում հիշել է «Մոնակոյի» նախկին փոխնախագահ Վադիմ Վասիլևը:
Տրանսֆերի ձախողման համար «Ռեալը» մեղադրում է Մբապեի հորը՝ Վիլֆրիդին: Նա կասկածում էր, որ Կիլիանը կկարողանա ամրապնդվել «Ռեալում»: Այո, մարզիչը Զիդանն էր, բաց հարձակման գծում խաղում էին Կրիշտիանու Ռոնալդուն, Կարիմ Բենզեման և Գարեթ Բեյլը: Կար մտավախություն, որ մշտական խաղաժամանակի հնարավորություն չկա:
Այդ կասկածները ՊՍԺ-ին թույլ տվեցին փախցնել Մբապեին: 2018 թվականի փետրվարին Մբապեն առաջին անգամ խաղաց «Ռեալի» դեմ: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում փարիզյան ակումբը մրցեց մադրիդցիների հետ և 2-5 հաշվով դուրս մնաց պայքարից: Մբապեն լռեց, սակայն տեսավ իր կուռքի վարպետությունը՝ «Սանտիագո Բեռնաբեուում» Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ, իսկ հյուրընկալվելիս՝ գոլ և գոլային փոխանցում:
Այնուամենայնիվ, մի քանի ամիս անց Մբապեն արեց այն, ինչը չի հաջողվել Կրիշտիանուին՝ դարձավ աշխարհի չեմպիոն:
2021 թվական. Մբապեն խնդրեց իր տրանսֆերը վաճառել «Ռեալին», սակայն ՊՍԺ-ն պատասխանեց մերժումով
«Ռեալը» շարունակում էր հետևել Մբապեի աճին և ամեն տարի նորովի էր համոզվում նրա սուպերընդունակությունների հարցում:
Ծրագիրը հետևյալն էր՝ կապ պահպանել Մբապեի շրջապատի հետ: «Ռեալը» վստահ էր, որ ՊՍԺ-ն չի վաճառի իր գլխավոր աստղին և զգույշ էր գործում:
Հաջորդ փորձը 2021 թվականի ամռանն էր: Մբապեն անցավ վճռական գործողությունների և հայտարարեց, որ ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»:
«Ես խնդրեցի ինձ բաց թողնել և այդ օրվանից ի վեր չէի ցանկանում նոր պայմանագիր կնքել: Ես ցանկանում էի, որ ՊՍԺ-ն վաճառի իմ տրանսֆերային իրավունքը և շատ գումար վաստակի՝ որակյալ փոխարինող գտնելու համար»,- ասել էր Կիլիանը RMC Sport-ին տված հարցազրույցում:
«Եթե այդ ամառ հեռանայի, ապա միայն «Ռեալին» միանալու համար»,- հավելել էր Կիլիանը:
2022 թվական. Մբապեն գրեթե տեղափոխվել էր «Ռեալ» անվճար հիմունքներով, սակայն նոր պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ
2022 թվականի մարտին «Ռեալը» շքեղ քամբեքով ՊՍԺ-ին դուրս թողեց Չեմպիոնների լիգայից: Դուք հաստատ հիշում եք այդ խաղը, Մբապեին «Բեռնաբեուում» այնպիսի ծափերով դիմավորեցին, կարծես թե նա արդեն «Ռեալի» ֆուտբոլիստ էր: Առաջին խաղում ՊՍԺ-ն 1-0 հաշվով հաղթեց մադրիդցիներին Մբապեի՝ 94-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ: Պատասխան խաղի երկրորդ կեսում Կիլիանը ևս մեկ անգամ աչքի ընկավ: Թվում էր՝ «Ռեալը» շանս չունի, սակայն Կարիմ Բենզեման 17 րոպեում հրաշագործություն արարեց և ՊՍԺ-ին ուղարկեց Լիգա 1-ի համար պայքարելու:
Մբապեի պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2022 թվականի հունիսը և ՊՍԺ-ն սկսեց բանակցությունները: Այդ ժամանակ Մբապեի կարիերայի ամենակարևոր մարդը նրա մայրն էր՝ Ֆայիզա Լամարին:
Բանակցությունների վաղ փուլում Կիլիանն ու նրա շրջապատն անկոտրում էին, սակայն արդյունքում տեղի տվեցին ճնշմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մակարդակով:
Արդեն 2023 թվականն է. Հիմա կամ երբեք
2022 թվականի հուլիսին Մբապեն հայտնեց ՊՍԺ-ի ղեկավարությանը, որ դժգոհ է ՊՍԺ-ի զարգացման ռազմավարությունից և առաջարկեց վաճառել իր տրանսֆերը:
Тhe Athletic-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ն արգելք դրեց «Ռեալ» տեղափոխության վրա և պահանջեց 400 միլիոն եվրո:
Մբապեն չհեռացավ, քանի որ ցանկանում էր տեղափոխվել միայն «Ռեալ» և բաց թողել Լիգա 1-ի մեկնարկային տուրում կայանալիք «Կլերմոնի» դեմ խաղը:
ՊՍԺ-ն հայտնեց, որ մկանային խնդիրներ են, սակայն պատճառն այն էր, որ ֆրանսիացին դժգոհ է ակումբի ղեկավարությունից:
Կիլիանն իրեն խաբված էր զգում: Նոր պայմանագրի բանակցություններում նրան խոստացել էին, որ գլխավոր մարզիչ է նշանակվելու Զինեդին Զիդանը, սակայն ժամանեց Գալտյեն, խոստացվել էր տրանսֆերներ, որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին:
Այդ օրվանից ի վեր շատ ջրեր են հոսել:
• Հունիսի 13-ին Le Parisien-ը հայտնել էր, որ Մբապեն ցանկանում է այս ամառ տեղափոխվել «Ռեալ», սակայն Մբապեն լեղապատառ պատասխանել էր Թվիթերում, որ դա սուտ է և նա ևս մեկ մրցաշրջան ցանկանում է անցկացնել ՊՍԺ-ում:
• Մբապեի պայմանագրի մանրամասներն ի հայտ եկան: Պարզվում է, որ նա ՊՍԺ-ում 40 միլիոն եվրոյի հավելավճար կստանա հավատարմության համար, եթե մինչև հուլիսի 31-ը մնա թիմում:
• Մբապեն հիասթափված էր Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի անհաջողություններից:
• The Athletic-ը բացահայտել էր ՊՍԺ-ի ծրագրերն այն դեպքում, եթե Մբապեն չհեռանա այս ամառ կամ նոր պայմանագիր չկնքի. գլխավոր աստղին թողնել պահեստայինների նստարանին:
• ՊՍԺ-ն Մբապեին չէր ներառել Ճապոնիայի տուրում, ինչը զայրացրել էր երկրպագուներին: Ակումբում Կիլիանին համարում են դավաճան:
• Մբապեի տրանսֆերի համար առաջարկել է կատարել սաուդյան «Ալ Հիլյալը»՝ 200 միլիոն եվրո, իսկ Կիլիան Մբապեին երկու տարում 400 միլիոն եվրո աշխատավարձ: Այնուհետև կենացները քաղցրացան, Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդեց, որ «Ալ Հիլյալը» պատրաստ է 300 միլիոն եվրո վճարել ֆրանսիացու տրանսֆերի դիմաց (ՊՍԺ-ն ընդունեց այդ առաջարկը), իսկ CBS-ը ցնցող մանրամասներ ներկայացրեց՝ մրցաշրջանում 700 միլիոն եվրո աշխատավարձ և մեկ տարի անց անվճար «Ռեալին» միանալու հնարավորություն: Ամեն դեպքում Մբապեն հրաժարվել էր անգամ հանդիպել «Ալ Հիլյալի» ներկայացուցիչների հետ:
• Հեղինակավոր լրագրող Լոյկ Տանզին վստահ է՝ Սաուդյան Արաբիան ՊՍԺ-ի վերջին հույսն էր այն բանի, որ իրերը կընթանան իր ուզածի պես:
Գնդակը «Ռեալի» խաղադաշտում է: