Չնայած Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխությանը, «Սերուցքայինները» արդեն կատարել են այս տրանսֆերային պատուհանի կարևորագույն գործարքը։
Խոսքը Ջուդ Բելինգեմի մասին։
Նա կատարյալ ֆուտբոլիստ է։ Կարող է անել ամեն ինչ։
Իսպանիայում հայտնվելու առաջին իսկ պահից անգլիացին իր առաջ գլխավոր նպատակ է դրել սովորելը։
«Եթե դուք հարցնեք, թե ով եմ ես, ապա իմ պատասխանտ հետևյալն է լինելու. ես այն մարդն եմ, ով կանի այն ամենը, ինչ կասի մարզիչը։ Ինձ համար գլխավորը թիմին օգնելն է։ Վստահ եմ, որ ինձ մոտ ադապտացվելու խնդիր չի լինելու։ Ես արագ եմ սովորում սխալներից։
Ես հեռու չեմ գնա Կրոսից և Մոդրիչից։ Տեղափոխվել եմ այստեղ նրանցից սովորելու համար։ Միգուցե մեկ շաբաթ անց նրանք ատեն ինձ, բայց ես շատ եմ կարևորում նրանց փորձն ու ֆուտբոլային ինտելեկտը։ Նրանց կողքին ես լինելու եմ սպունգի նման՝ փորձելով ներս քաշել ողջ ֆուտբոլային գիտելիքները, որոնք նրանք ունեն». նշել է Բելինգեմը։
Եվ կարծես թե Ջուդը սիրվել է «Ռեալում»։ Նա շատ արագ է ադապտացվել թիմին։ Անտոնիո Պինտուսի անցկացրած առաջին մարզումից հետո նա նույնիսկ նշել էր, որ իրեն դուր է գալիս, երբ մարզիչները այդպես սպանում են ֆուտբոլիստին։ 20-ամյա ֆուտբոլիստի համար նման բնավորություն ունենալը արդեն իսկ մեծ բան է, սակայն Բելինգեմը դեռ խաղային առումով ցուցադրելու բաներ շատ ունի։
Անգլիացին կատարյալ է։ Չնայած այն ամենին, որ նա սիրում է գնդակով լինել ու վերահսկել այն, միևնույն ժամանակ շատ օգտակար է պաշտպանությունում։ Այդ ամենը հասկանալու բավարար է վերլուծել նախորդ մրցաշրջանում նրա ելույթները «Բորուսիայի» կազմում։
Որպես ունիվերսալ կիսապաշտպան նա միակն է «Ռեալում»։ Կրոսը, Մոդրիչն ու Սեբալյոսը կառուցող են, Վալվերդեն և Կամավինգան աթլետներ, իսկ Գյուլերն ու Դիասը ավելի շատ միտված են հարձակմանը։
«Ջուդը ստեղծագործող աթլետ է։ Բավարար է նրան առաջադրանքը տալ և նա դա շատ լավ կկատարի». նշել է «Բորուսիայի» նախկին մարզիչ Մարկո Ռոզեն։
«Կարծում եմ, իմ լավագույն կողմն այն է, որ ես ամեն ինչից քիչ-քիչ կարողանում եմ անել։ Ես կարող եմ խաղալ կիսապաշտպանության տարբեր գոտիներում և կատարել տարբեր աշխատանք». այսպես է իրեն բնութագրել երիտասարդ ֆուտբոլիստը։
«Բոլորն են տեսնում, որ նա ունիկալ ֆուտբոլիստ է։ Ցույց տվեք նրան երկար ժամանակ ֆուտբոլին չհետևող մարդուն և հարցրեք, թե քանի տարեկան կլինի այս ֆուտբոլիստը։ Բոլորը կպատասխանեն մոտ 28-29, քանի որ նրա ցուցադրած ֆուտբոլը շատ հասուն է։Նա ֆանտաստիկ է». Յուրգեն Կլոպն էլ իր հերթին խոսել է անգլիացու մասին։
«Ես չեմ կարողանում հավատալ, որ 17-ամյա ֆուտբոլիստը կարող է նման ֆուտբոլ ցուցադրել». երկու տարի առաջ նշել է Գվարդիոլան։
Բելինգեմի մյուս պլյուսներից մեկը նվիրվածությունն է։ Վերջին 4 տարիների ընթացքում երևի չկա որևէ այլ երիտասարդ ֆուտբոլիստ, ով նման քանակությամբ խաղեր է անցկացրել պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ Այդ ամենը եղել է առանց լուրջ վնասվածքների, իսկ թեթև վնասվածքների դեպքում նա նույնսիկ հանդիպումներ է անցկացրել ցավերով։
Ունիվերսալություն, ագրեսիա, նվիրվածություն- այս ամենը կարծես հենց իդեալական ֆուտբոլիստի բնութագիրն է։ Իհարկե, «Ռեալում» նա չի ստանալու այն խաղաժամանակը, որն ուներ «Դորտմունդի» կազմում նախորդ տարիների ընթացքում, քանի որ այստեղ մրցակցությունը մեծ է, բայց փաստը, որ նա պատրաստ է մեծ ճնշման, ապշեցուցիչ է։ Կիսապաշտպանության կենտրոնը ամենաշատն է ռոտացիայի ենթարկվում «Ռեալում»։
Նախորդ մրցաշրջանում Ֆեդե Վալվերդեն շատ հանդիպումներ է անցկացրել հարձակման աջ եզրում, Կամավինգան՝ պաշտպանության ձախ թևում, և այդ ամենի հետ մեկտեղ Դանի Սեբալյոսը գրեթե 40 հանդիպման է մասնակցել։ Հաշվի առնելով այն, որ Մոդրիչն արդեն 38 տարեկան է, կարելի է սպասել, որ Բելինգեմը ավելի շատ է խաղաժամանակ ստանալու։
Ջուդը կարող է մի պահ կտրվել խաղից, բայց երբ նա կենտրոնացած է, կարող է հայտնվել ցանկացած դիրքում։ Դրա պատճառն այն է, որ նա շատ լավ է օգտագործում տարածությունը։ Նա արդեն իսկ լավագույններից մեկն է աշխարհում առանց գնդակի խաղով։
Օրինակ նախորդ մրցաշրջանի «Այնտտրախտի» դեմ խաղից։ Ջուդը տեսնում է, որ եթե արագացում կատարի, ապա մրցակիցները բարդություններ կունենան արձագանքելու համար։
Մրցակցի պաշտպանները խառնվեցին ու Բելինգեմը մեծ ազատ տարածություն ստացավ։
Պաշտպանողական գործողություն «Հերտայի» դեմ խաղից։ Անգլիացին վերադառնում պաշտպանություն անկյունայինի խաղարկումից հետո։
Սովորական ֆուտբոլիստը այս պարագայում կհարձակվեր գնդակով ընթացող ֆուտբոլիստի վրա, սակայն Ջուդը ընտրում է այլ տարբերակ։
Արդյունքում մրցակցի վտանգավոր գրոհը կասեցվում է Շլոտերբերգի և Բելինգեմի ջանքերի շնորհիվ։
«Լեյպցիգի» դեմ հանդիպումը։ Երկու ֆուտբոլիստներով շրջապատված լինելով՝ Բելինգեմը փոխանցում է կատարում Զյուլեին։
Թվում է, թե սովորական է, բայց այստեղ գլխավորն այն է, թե ինչպես նա զգում պահը։ Արդյունքում նա դառնում է գոլի հեղինակ։
Բելինգեմն ունի այն ամենը, ինչ պետք է կիսապաշտպանության համար։ Կարծես նա այդ ունակությունը ժառանգել է իր կուռքից՝ Զինեդին Զիդանից։ Անգլիացին բազմիցս նշել է, որ համարում է Զիզուին պատմության լավագույն ֆուտբոլիստը և շատ տեսանյութեր է դիտել նրա մասնակցությամբ։ «Ռեալում» նա ընտրեց նաև հենց Զիդանի խաղային համարը՝ 5-ը։
Բելինգեմն արդեն ստիպում է «Ռեալին» փոխվել։
Կարող է պարադոքսալ հնչել, բայց Բելինգեմն հենց այն ֆուտբոլիստն է, որը տանում է «Ռեալին» կերպարանափոխման։
Նախորդ մրցաշրջանում «Դորտմունդը» խաղացել է տարբեր սխեմաներով 4-3-3-ից անցնելով 4-2-3-1-ի և նույնիսկ 4-5-1-ի։ Սրանք նմանատիպ սխեմաներ են, բայց մեկ-երկու ֆուտբոլիստների համար առաջադրանքը փոխվում է։ Այս օրինակում Գերեյրուն փոխում է իր դիրքը՝ վերածվելով կիսապաշտպանի, իսկ Յուլիան Բրանտը առաջ է քաշվում։
Միակ ֆուտբոլիստը, ում դերը ընդհանրապես չի փոփոխվում, Բելինգեմն է։ «Բորուսիայում» նա հանդես էր գալիս կիսապաշտպանության կենտրոնում՝ ավելի շատ միտված լինելով ձախ եզրին։ Երբեմն ավելի մոտ էր գործում հենակետային կիսապաշտպանին։ Մի ժամանակ նա պատասխանատու էր պաշտպանության և հարձակման կապի համար, սակայն Հոլանդի հեռանալուց հետո սկսեց ավելի շատ կենտրոնանալ հարձակմանը։ Մալեն և Ալերի շարք վերադառնալուց հետո նա փոքր ինչ նահանջեց, սակայն մարզիչը չսահմանափակեց նրա խաղը։ Ջուդը ժամանակ առ ժամանակ միանում էր հարձակմանը։
Այդ ազատությունը ոչ բոլորին էր դուր եկել։
«Բելինգեմին» չի հերքում կարգապահությունը։ «Բորուսիայում» նա անում էր այն, ինչ ուզում էր, և նրան ոչ ոք ոչինչ չէր ասում։ «Ռեալում» նա պետք է այլ կերպ խաղա։ Այնտեղ ոչ ոք չի վախենա նրան բարկացնել։ Չի կարելի ամեն բան խառնել իրար». կարծում է «Լիվերպուլի» և «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Դիտմար Համանը։
«Ռեալը» անկասկած այդ ամենը չի տա Բելինգեմին, քանի որ շատ են թիմում լավ կիսապաշտպանները ։
Անչելոտին մինչմրցաշրջանային հատվածում փորձարկում է 4-3-1-2 սխեման, որտեղ Բելինգեմը գործում է 10 համարի դիրքում։ Վինիսիուսն ու Ռոդրիգոն խաղում են հարձակման գծում և հաճախ տեղաշարժվում եզրեր։ Այդ տեղափոխությունները հնարավորություն են տալիս անգլիացուն առաջ շարժվել կենտրոնով ու տեղ զբաղեցնել 9 համարի դիրքում։ Կարլոն փորձարկել է նաև 4-2-2-2 սխեման՝ կենտրոնում կառուցելով խորանարդ։ Այդ պարագայում հետ է քաշվում Կամավինգան։
Օրինակ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայացած ընկերական խաղից։ Վինիսիուսն ու Ռոդրիգոն տարածություն են ստեղծում, իսկ Բելինգեմը օգտագործում է այն իր արագացման շնորհիվ և բացում իր գոլերի հաշիվը «Արքայական» ակումբի մարզաշապիկով։
Հատկանշական է, թե ինչ դիրքում է գտնվում Ֆրան Գարսիան։ Կարծես, թե Անչելոտին այս կերպ փորձում է փակել եզրը Վինիի առաջխաղացման դեպքում։
Կարևոր է նշել, թե ինչպես է պրեսինգի դիմում «Ռեալը»։ Ռոդրիգոնու Վինիսիուսը գործում են կենտրոնական պաշտպանների հետ, Բելինգեմը՝ հենակետայինի, իսկ Մոդրիչն ու Գարսիան առաջ գալով փակում են եզրային պաշտպաններին։
Վերջին տարիների ընթացքում «Ռեալը» անդավաճան է 4-3-3 սխեմային։ Նույնիսկ Կազեմիրոյի հեռնալուց և Չուամենիի վնասվածք ստանալուց թիմը այլ սխեմայով չգործեց։ Հենակետային դիրքում տեղ զբաղեցրեց Թոնի Կրոսը։
Սակայն այս ամենի հետ մեկտեղ դեռ նախորդ մրցաշրջանում Անչելոտին մի քանի անգամ փորձել է խաղալ 10 համարով։ Մարտին կայացած «Կլասիկոյի» ժամանակ նա այդ դիրքում օգտագործեց Ռոդրիգոյին, ով դիրքերով երբեմն փոխվում էր Ասենսիոյի հետ։ Նույն կերպ վարվեց նա «Վալյադոլիդի» դեմ խաղում։ Սա նշանակում է, որ այդ սխեման Կարլոն մշակել է դեռ նախորդ մրցաշրջանում, բայց այժմ նոր ֆուտբոլիստներ ունի։
Բելինգեմը ստիպում է գնալ կերպարանափոխման։
«Ջուդը շատ լավ է ադապտացվել և տարբերվում է մեր մյուս կիսապաշտպաններից։ Նա կբարձրացնի «Ռեալի» մակարդակը։ Նոր սխեման ինձ դուր է գալիս, չնայած, որ դեռ շտկումների կարիք ունի։ Երբեմն մենք սխալ ենք պրեսինգ կիրառում և փորձում եզրերի փոխարեն խաղալ կենտրոնով։ Ջուդը լավ խաղաց, բայց մենք դեռ պետք է հարմարվենք նրա որակներին». այսպես էր արտահայտվել Անչելոտին Բելինգեմի հասցեին։
Այն, որ այս մրցաշրջանում «Ռեալը» փոխելու է խաղային սխեման, գրեթե կասկածից վեր է։ Այդ մասին են խոսում նա Բրահիմ Դիասի վերադարձն ու Արդա Գյուլերի տրանսֆերը։
Բելինգեմը Կրոսին կամ Մոդրիչին փոխարինող չէ։ Նրանք տարբեր են։
Երբ Ջուդը նոր էր տեղափոխվում «Ռեալ», թվում էր, թե Կրոսը որոշել է թոշակի անցնել։ Մոդրիչը յուղալի առաջարկ ուներ Սաուդիան Արաբիայից։ Marca-ն գրել էր, որ նրանցից մեկը կարող է հեռանալ և նրանց փոխարինելու է Բելինգեմը, սակայն լեգենդները մնացին։
Այս ամենի հետ մեկտեղ Բելինգեմին դիտարկում են որպես այս զույգից մեկին փոխարինող։ Խաղաոճով նա նման չէ ոչ մեկին, սակայն ժամանակն է, որ թիմը փոփոխությունների ենթարկվի։ Դա հնի փոխարինումն է նորով։
Կրոսն ու Մոդրիչը շատ երկար տարիներ կիսապաշտպանության գծում կարրգավորել են ամեն ինչ։ Նրանք իրենց հասարակ խաղով ելքեր են գտել բարդ իրավիճակներից։ Ներկայիս ֆուտբոլում նմանատիպ ֆուտբոլիստներ քիչ կան։ Մոդրիչը դա անում է գնդակը վերահսկելով, իսկ Կրոսն իր փոխանցումներով։ Իսկ ահա Բելինգեմը կարող է դրանք անել միասին։ Նա դեռ 20 տարեկան է և ցանկանում է սովորել։
Նման ֆուտբոլիստները չեն առանձնանում իրենց հարվածներով և մեկը մեկի դեմ իրավիճակներով, նրանք իրենց հասարակ գործողություններով հանգստություն և վստահություն են տալիս թիմին։ Նրանք բալանսավորում են թիմի խաղը։ Պահում են գնդակը, փոխանցումներ կատարում, փոխվում դիրքերով։ Լուկան ինտելեկտի առումով գերազանցում է բոլորին։ Բելինգեմը երբեմն առաջ նետվում՝ չմտածելով հետևանքների մասին։ Հնարավոր է Ջուդը տեխնիկապես ավելի ուժեղ է, սակայն ինտելեկտի առումով Մոդրիչը գերազանցում է։ Հավանաբար դա գալիս է փորձից։
Այս պարագայում շատ կարևոր է, թե ով է մարզիչը։ Բելինգեմի համար շատ լավ է, որ Անչելոտին մնաց «Ռեալում»։ Լավ մարզիչը միշտ էլ կարողանում է հարմարվել իր ֆուտբոլիստներին։ Երբ թիմում խաղում են Կրոսն ու Մոդրիչը, չի կարելի շատ բարձր պրեսինգ կիրառել։ Այն դեպքում, երբ հարձակման գծում Վինիսիուսն է, ով շատ արագ է գնդակով տեղաշարժվում, թիմը պետք է ընտրի հակագրոհների տարբերակը։ Այլ պարագայում անհեթհեթություն կստացվի։
Բացասական մասերը մի կողմ դրած, Բելինգեմի տրանսֆերը իդեալակն է «Ռեալի» համար։ Նա կարող է դառնալ ներկայի և ապագայի ֆուտբոլիստ ու գրավել Իսպանիան այնպես, ինչպես արեց Անգլիայում և Գերմանիայում։
Բելինգեմը պետք է դառնա նոր «Ռեալի» հիմնաքարը և չնայած այն ամենին, որ Կիլիան Մբապեն նույնպես կարող է հայտնվել «Արքայական» ակումբում, անգլիացու տրանսֆերը կարևորության տեսանկյունից գերազանցում է։
Մբապեի տեղափոխությունը կարող է փոխել «Ռեալը», սակայն էվոլուցիան կատարվելու է հենց Բելինգեմի միջոցով։
Los Merengues, Realmadrid.am