Կայացավ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 12-րդ տուրի «Սևիլիա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։
Խաղի հենց մեկնարկում «Արքայական» ակումբի ֆուտբոլիստները բավական ակտիվ էին։ «Սերուցքայինները» երկու անգամ կարող էին արագ գոլ խփել, սակայն ստեղծած պահերը չկարողացան իրագործել։
Գրեթե ողջ հանդիպման ընթացքում Զիդանի սաները գնդակի վերահսկողությունը զիջել էին մրցակցին և փորձում էին հակագրոհների միջոցով աչքի ընկնել։
«Սևիլիայի» ֆուտբոլիստները իրենց հերթին շեշտը դրել էին կառուցողական ֆուտբոլի վրա, բայց հյուրերը բավական հստակ էին պաշտպանվում։
Միայն երկրորդ խաղակեսում թիմերին հաջողվեց բացել խաղի հաշիվը։ Հանդիպման 55-րդ րոպեին Ֆերլան Մենդիի կատարած փոխանցումից հետո Վինիսիուսը փորձեց եզրափակել գրոհը և նրա՝ գնդակին հպվելուց հետո տան տերերի դարպասապահ Բունուն գնդակն ուղարկեց սեփական դարպասը։
Խաղի մնացած հատվածում գրոհում էին հիմնականում «Սևիլիայի» ֆուտբոլիստները, բայց նրանք Կուրտուայի դարպասը տանող ճանապարհները այդպես էլ չգտան։
Այսպիսով «Ռեալը» անչափ կարևոր հաղթանակ է տանում արտագնա խաղում և վաստակում երեք միավոր։
«Սևիլիա» 0-1 »Ռեալ Մադրիդ»
Գոլը՝ Բունու (ԻԳ, 55)
Los Merengues, Realmadrid.am