Նոյեմբերի 19-ին պարզ դարձավ, որ «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման լքում է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը և չի մասնակցի ԱԱ-2022-ին: Ոտքի շրջանում անհարմարություն զգալուց հետո նա «Լե Բլյուի» բժիշկ Լե Գալի ուղեկցությամբ այցելել էր Դոհայի կլինիկա, ինչից հետո ստացել էր վերջնական ախտորոշումը:
Ֆուտբոլիստը հիանալի տեղյակ է իր մարմնից և հասկանում էր, որ վնասվածքը լուրջ չէ և վերականգնման համար կպահանջվի առավելագույնը 10 օր: Սկզբում նա ծրագրում էր մնալ թիմի հետ՝ օգնելու թիմակիցներին դուրս գալ փլեյ-օֆֆ, սակայն ֆրանսիացին զարմացել էր, երբ նրա դուռը թակել էին և շեմքի մոտ էին հայտնվել Դեշամն ու Լե Գալը:
Թիմի բժիշկը բավականին սառը տոնով հայտնել է Բենզեմային, որ նա պետք է լքի հավաքականի ճամբարը: Դեշամը լռություն է պահպանել՝ ցույց տալով, որ հետաքրքրված չէ այս խոսակցությամբ:
Բայց որոշ ժամանակ անց Լե Գալը խոստովանել է, որ այդ «սառը» ծանուցումը կատարել է Դեշամի հրահանգով: Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը բառացիորեն վռնդել է Բենզեմային հավաքականից:
Նա հիանալի առիթ էր ստացել, որ մեկնարկային տեղը վստահեր Ժիրույին, որին միշտ ավելի շատ է նախապատվություն տվել «Ռեալի» աստղից: Տրամաբանական է, որ դրանից հետո Բենզեման հպարտություն է ցույց տվել ու չի խնդրել մնալ հավաքականում:
Դեշամը նաև շատ կտրուկ էր պատասխանում ԶԼՄ-ներին, երբ Բենզեմայի վերաբերյալ հարց էր հնչում, սակայն 35-ամյա ֆուտբոլիստը ոչ մի սկանդալային հայտարարություն չի արել, այլ միայն աջակցել է թիմին սոցցանցերում: