Հոդվածներ

Մբապեն մոլորվել է
13.04.2026
658 0

Ֆրանսիացի աստղը խամրեցնում է իր սենսացիոն վիճակագրությունը վերջին 7 խաղերում:

Այն բանավեճը, թե արդյոք «Ռեալը» ավելի լավն է առանց Մբապեի, անհեթեթ է, եթե նայենք թվերին: Երբ ֆրանսիացին անդադար գոլեր էր խփում, «Մադրիդը» գրանցեց այս մրցաշրջանի իր լավագույն հաղթարշավը (7 անընդմեջ հաղթանակ): Խաբի Ալոնսոյի նախագիծը, որն սկսեց աշխատել Աշխարհի ակումբային առաջնությունից հետո, սկզբում նման էր «ասֆալտապատող մեքենայի», իսկ 10 համարը փայլում էր՝ խփելով թիմի 16 գոլերից 9-ը:

Հետո եկավ «Մետրոպոլիտանոյի» խաղը, որը ցնցեց թիմի հիմքերը: Այնուամենայնիվ, «Մադրիդը» պատասխանեց 6 անընդմեջ հաղթանակով, որտեղ Մբապեն ևս 8 գոլ խփեց: Բայց այդ պահից ի վեր խաղն ու արդյունքները նմանվեցին «ամերիկյան բլուրների» (roller coaster), ինչը թույլ չտվեց թիմին բարելավել իր ցուցանիշները:

Մբապեի արդյունավետությունը մտել է իր համար անծանոթ տարածք: Առաջին 31 խաղում խփած 38 գոլերից հետո նա անցել է շատ ավելի համեստ դինամիկայի, և թիմը դա զգում է: Վերջին 7 խաղում նա ընդամենը մեկ գոլ է խփել: Դա եղավ «Բավարիայի» դեմ խաղում՝ վճռորոշ պահին, բայց դա ընդամենը մեկ գոլ էր: Ամենամտահոգիչն այն է, որ նախկինում նրան պետք էր 4 հարված գոլ խփելու համար, իսկ հիմա նա կատարում է մինչև 25 հարված:

Մտահոգիչ տվյալ

Իր լավագույն օրերին Կիլիանը գոլեր էր խփում այնպիսի հեշտությամբ, որը հիշեցնում էր Կրիշտիանու Ռոնալդուի լավագույն տարիները: Նա գոլ էր խփում ամեն 70 րոպեն մեկ (156 հարվածից՝ 38 գոլ): Հիմա այդ արդյունավետությունը ընկել է մինչև մեկ գոլ՝ 497 րոպեում: Նրա դիպուկությունը 25%-ից դարձել է 4%:

«Ես բացարձակապես անհանգստացած չեմ: Մենք պետք է բարելավենք կոլեկտիվ խաղը, հատկապես այն թիմերի դեմ, որոնք մեզ սպասում են պաշտպանությունում և քիչ տարածություն են թողնում: Դա կապված է ընդհանուր թիմային աշխատանքի հետ, ոչ թե անհատական տաղանդի: Հուսանք, որ չորեքշաբթի օրը այս շրջանը կավարտվի»,- ասել է Արբելոան:

Մբապեն հիմա գտնվում է իրեն ոչ բնորոշ իրավիճակում: 96 խաղում 83 գոլը հսկայական թիվ է, բայց դիպուկության պակասը եկավ ամենաանհարմար պահին: Ամենավատն այն զգացողությունն է, որ երբ Մբապեն դաշտում է, Վինիսիուսի արդյունավետությունը կարծես 50%-ով նվազում է: Մբապեի վնասվածքի ժամանակ թիմն ավելի կոմպակտ ու աշխատասեր էր թվում, և արդյունքներն ավելի հեշտ էին գալիս: Հիմա, երբ 10 համարի խաղը մի փոքր խամրել է, քննադատությունները նորից շատանում են:


Ամենակարդացված