Հոդվածներ

Վինիսիուս. 180 աստիճանի շրջադարձ
25.03.2026
97 0

Նա վերագտել է իր լավագույն մարզավիճակը և հմայել «Բեռնաբեուին»՝ Կլասիկոյում տեղի ունեցած սկանդալային փոխարինումից 147 օր անց: Վերջին 11 խաղում նա խփել է 10 գոլ: Այս ընթացքում նա գոլ է խփում յուրաքանչյուր 95 րոպեն մեկ:

Կլասիկոյից մինչև դերբի. Հարաբերությունների խզումից մինչև լիակատար միասնություն: Սուլոցներից մինչև պայմանագրի երկարաձգման հարցը: Այսպիսին էին Վինիսիուսի վերջին հինգ ամիսները «Ռեալում»: Մի օր, երբ նրան փոխարինեցին, և նա կոնֆլիկտ ունեցավ սեփական երկրպագուների հետ, և մեկ այլ օր, երբ նույնպես փոխարինվելիս ամբողջ մադրիդիստությունը նրան ճանապարհեց բուռն ծափահարություններով: «Բարսայից» մինչև «Ատլետիկո»՝ Վինիի մրցաշրջանը կատարել է 180 աստիճանի շրջադարձ: Նա նորից դարձել է այն վճռորոշ խաղացողը, որը կար նախկինում:

«Ռայո», «Ռեալ Սոսիեդադ», «Բենֆիկա», «Սիթի», «Ատլետիկո»... Խաղեր, որոնք ուղղորդվել կամ լուծվել են բրազիլացու կախարդանքի ու տաղանդի շնորհիվ: Արդեն մեկուկես ամիս նա խաղում է «The Best» և «Ոսկե գնդակի» ռեժիմով: Վերջին շաբաթը պարզապես փառահեղ էր՝ դուբլեր «Սիթիի» և «Ատլետիկոյի» դեմ: «Ես շատ երջանիկ մադրիդիստ եմ այսօր հաղթանակի և գոլերի համար: Երկրպագուները կարող են վայելել, որովհետև սա դերբի է, իսկ դերբիում միշտ հաղթում է «Ռեալը»»,– ասել է նա:

Վերականգնված կապը

Եղան պահեր, երբ թվում էր՝ բաժանումն անխուսափելի է: Ամեն ինչ սկսվեց Կլասիկոյից, երբ Խաբի Ալոնսոն նրան փոխարինեց 72-րդ րոպեին: Տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես էր նա բարկացած գնում դեպի հանդերձարան ու կրկնում. «Ես հեռանում եմ թիմից»: Դա արդեն 7-րդ անգամն էր, որ Խաբին փոխում էր նրան: «Բեռնաբեուն» սկսեց սուլել նրան, և վախ կար, որ Վինին կարող է վաճառվել կամ հեռանալ անվճար 2027-ին:

Սակայն մարզչական փոփոխությունը փոխեց ամեն ինչ: Արբելոան առաջին իսկ օրվանից լիակատար վստահություն հայտնեց նրան. «Սա այն Վինին է, որին մենք ուզում ենք տեսնել՝ ով վայելում է, պարում է, խաղում է և ընդունակ է փոխել խաղի ընթացքը»:

Ռեկորդային ցուցանիշներ

Փետրվարից սկսած նա գրեթե չի կանգնում: 11 խաղում 10 գոլ: Նա գոլի կամ ասիստի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի բոլոր 4 խաղերում: Ինչպիսի՜ փոփոխություն. մրցաշրջանի առաջին 4.5 ամիսներին նա խփել էր ընդամենը 7 գոլ: Այժմ նա արդեն ունի 17 գոլ:

Համեմատության համար

Խաբի Ալոնսոյի օրոք. Գոլ էր խփում յուրաքանչյուր 336 րոպեն մեկ:

Վերջին 11 խաղում. Գոլ է խփում յուրաքանչյուր 95.5 րոպեն մեկ:

«Երբ գալիս է մրցաշրջանի այս հատվածը, չգիտեմ՝ ինչ է պատահում ինձ հետ, ես միշտ ավելի լավ եմ խաղում ու գոլեր խփում»,– նշել է Վինին դերբիից հետո: Նա նաև ավելացրել է, որ իր դուբլը նվիրում է նախագահին (Պերեսին), ով միշտ խնդրում է նրանից երկու գոլ խփել:

Լավագույն Վինիսիուսը վերադարձել է, և հիմա նրա պայմանագրի երկարաձգումը ակումբի համար թիվ մեկ առաջնահերթությունն է:


Ամենակարդացված