Հոդվածներ

23 տարի անց «Ռեալը» մնաց առանց Զիդան ազգանունով ֆուտբոլիստի
02.07.2024
2162 0

Համաշխարհային ֆուտբոլում պայմանագրերն ավարտվում են հունիսի 30–ին և «Արքայական ակումբը» իր կայքում թարմացրել է թիմի կազմը։

Թիմում արդեն հայտնվել են Էնդրիկն ու Մբապեն, սակայն «Կաստիլյայում» նորություն է Տեո Զիդանի և Տոբիասի բացակայությունը։ Այսպիսով, 23 տարի անց «Ռեալ Մադրիդը» մնացել է առանց Զիդան ազգանվամբ ֆուտբոլիստի։

Հայտնի է, որ «Խուվենիլ Ա»–ի երեք ֆուտբոլիստ՝ Յուսին, Խակոբո Ռամոնը և Չեման հաջորդ մրցաշրջանից հանդես կգան «Կաստիլյայում»։

Ակումբում այսքան երկար ժամանակ լեգենդար ազգանուն ունենալուց հետո Տեոյի՝ Զիդանի 4 որդիներից 3–րդի հեռանալը «դատարկություն» է մտցրել «Արքայական ակումբի» համակարգում։

Հունվարին Էլիասը, Զինեդինի ամենակրտսեր որդին, որը խաղում էր «Խուվենիլ Ա»–ում, տեղափոխվեց «Բետիս» և մադրիդյան ակումբում մնաց միայն Տեոն։ Եվ ահա, կիսապաշտպանը 4 մրցաշրջան անց ավարտում է ակումբում ելույթներն ու 23 տարվա լեգենդար ժամանակաշրջանն ավարտվում է։ Ոչ Զինեդինը, ոչ Էնցոն, ոչ Լուկան, Տեոն և Էլիասն արդեն ակումբում չեն։

Զիդան ազգանունը «Ռեալում» հայտնվել է 2001 թվականին։ Ֆրանսիացի աստղը Ֆլորենտինո Պերեսի երկրորդ «գալակտիկոն» էր Ֆիգուից հետո։ 2004–ին «Ռեալում» արդեն 3 Զիդան կար՝ Էնցոն (կիսապաշտպան) և Լուկան (դարպասապահ): 2006 թվականին նրանց հայրն ավարտեց կարիերան, սակայն նրա որդիները շարունակեցին ելույթները Լա Ֆաբրիկայում։

2009–ին Զինեդին Զիդանը վերադարձավ «Ռեալ Մադրիդ»։ Զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ նա ի վերջո դարձավ առաջին թիմի մարզիչը։ 2010–ին կանտերային միացավ Տեոն, որից հետո՝ Էլիասը։

«Ռեալում» լեգենդար ազգանունը կրողների թիվը պակասեց 2017–ին՝ Էնցոյի «Ալավես» հեռանալով։ 2019 թվականի ամռանը Լուկա Զիդանը հեռացավ «Ռեալից»։

2021 թվականին Զինեդինը հրաժեշտ տվեց «Արքայական ակումբին» և դրանից հետո ակումբի համակարգում միայն երկու Զիդան կար՝ Տեոն (կիսապաշտպան) և Էլիասը (պաշտպան): Առաջինը վերջին մի քանի մրցաշրջան հանդես էր գալիս «Կաստիլյայում» (94 հանդիպում) և կարևոր դեր էր խաղում Ռաուլի համակարգում։ Իսկ Էլիասը, որը խաղում էր «Խուվենիլ Ա»–ում, ոչ բավարար խաղաժամանակ ստանալու պատճառով որոշեց այս ձմեռ պայմանագիր կնքել «Բետիսի» հետ։