ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ «Ռեալից» փաստաթղթեր է ստացել Նեգրեյրայի գործով։
Հիշեցնենք, որ 2023 թվականին «Բարսելոնային» և նրա ղեկավարությանը մեղադրանքներ էին առաջադրվել կաշառք տալու համար՝ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայում (RFEF) աշխատած Մրցավարների տեխնիկական կոմիտեի (CTA) նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային կատարված վճարումների գործով։
Այս տարվա մայիսին «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, որ ակումբը ՈՒԵՖԱ կուղարկի այս գործի հետ կապված 600 էջանոց տեղեկություններ։
«ՈՒԵՖԱ-ն հաստատում է, որ «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբից ստացել է զգալի քանակությամբ փաստաթղթեր՝ կապված «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նկատմամբ շարունակվող հետաքննության հետ։
ՈՒԵՖԱ-ի էթիկայի և կարգապահական հարցերով տեսուչները նույնպես ստացել են այդ փաստաթղթերը և կվերլուծեն դրանք»,- հայտարարել է ՈՒԵՖԱ-ն։
Marca-ն նշում է, որ ՈՒԵՖԱ-ի էթիկայի և կարգապահական հարցերով տեսուչները գործը հարուցել էին 2023 թվականի մարտին՝ այն բանից հետո, երբ հայտնաբերել էին օրենսդրության հնարավոր խախտման նշաններ՝ կապված Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային կատարված վճարումների հետ, սակայն որոշել էին ժամանակավորապես կասեցնել հետաքննությունը մինչև իսպանական դատարաններում քրեական դատավարության ավարտը։ Այժմ գործընթացը կարող է վերսկսվել։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն