«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կիսվել է իր հույզերով ակումբ վերադառնալուց հետո:
«Ռեալում» աշխատանքի նոր փուլի մեկնարկի մասին.
«Բառերով հնարավոր չէ նկարագրել, թե որքան կարևոր է սա, քանի որ սա առաքելություն է: Խոսքն իմ կամ այն մասին չէ, թե ես շատ կվաստակեմ, թե քիչ: Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ բոլորին դառնալ ավելի լավը՝ խաղացողներին, անձնակազմին… Ստեղծել աշխատանքի, պատասխանատվության, հավակնությունների մշակույթ և այն, ինչն ինձ քաջ հայտնի է՝ «Ռեալում» գտնվելու պատասխանատվությունն ու պատիվը: Ինձ շատ է դուր գալիս այս հայեցակարգը: Խոսքը «Ռեալում» աշխատելու մասին չէ, այլ «Ռեալի» համար աշխատելու: Եվ ես այստեղ եմ հենց այդ նպատակասլաց տրամադրվածությամբ»:
Աշխատանքային գործընթացի մասին.
«Մենք քրտնաջան աշխատում ենք: Այնպես չէ, որ այսօր ես եկա այստեղ, ու ամեն ինչ սկսվեց: Մենք երկար ժամանակ քրտնաջան աշխատել ենք ակումբի ղեկավարության հետ տարբեր մակարդակներում: Այսօր կարելի է աշխատել հեռավար, քանի որ տեխնոլոգիաները մեզ շատ են օգնում, և ես գրեթե անմիջապես վերահսկողության տակ վերցրի այն ամենը, ինչ արդեն արվել է և այն, ինչ դեռ պետք է անենք»:
Մինչմրցաշրջանային պատրաստության մասին.
«Ես պատրաստվում եմ առավելագույնս և դրական տրամադրվածությամբ օգտագործել հաջորդ երկու շաբաթները: Ակնհայտ է, որ կցանկանայի, որ բոլոր խաղացողներն այստեղ լինեին: Մենք պետք է սրան դրականորեն նայենք, այսինքն՝ ճանաչենք այն տղաներին, ում հետ աշխատելու ենք և նրանց հնարավորություն տանք ճանաչել ինձ: Մինչմրցաշրջանային պատրաստության ընթացքում այս տղաներից շատերը կլինեն այստեղ՝ «Կաստիլիայում», և ինձ նաև դուր է գալիս մասնակցել ու օգնել ակադեմիայի զարգացմանը: Մենք այստեղ ենք, և շուտով այստեղ կլինեն աշխարհի առաջնության որոշ մասնակիցներ:
Ես շատ վստահ եմ իմ ուժերին, խորը սեր եմ տածում այս ակումբի և «Առա՛ջ, Մադրիդ, և ուրիշ ոչինչ» կարգախոսի հանդեպ»,- ասել է Մոուրինյուն ակումբի կայքին տված հարցազրույցում:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն