Հոդվածներ

Սիմեոնե․ «Հասարակությունը չափազանց կտրուկ է «Ռեալի» հանդեպ»
13.03.2025
1799 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» երկխաղյա դիմակայության արդյունքում (2:1, 1:1 (2-4 11մ․) հաղթահարեց «Ատլետիկոյի» արգելքը և քառորդ եզրափակիչում ուժերը կչափի «Արսենալի» հետ։

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետխաղային մամուլի ասուլիսը

«Մենք շատ լավ հանդիպում անցկացրինք, անհավատալի պայքար մղեցինք։ Մենք գերազանց էինք վերահսկում խաղի ընթացքը, ուստի ունեինք ևս մի քանի գոլ խփելու հնարավորություններ, բայց մեր հարվածներն անճշտությամբ էին ուղեկցվում մրցակցի դարպասի մոտ։

Իհարկե, «Ռեալը» ֆուտբոլի վերահսկողությունն ուներ, բայց իրական գոլային պահեր չէր ստեղծում մեր դարպասի մոտ։ Բացի այդ, «սերուցքայինները» չկարողացան իրացնել 11–մետրանոցը հիմնական ժամանակում։

Ես չէի խոսի բախտի մասին։ Ավելի շուտ՝ դա հպարտության զգացում է մեր թիմի նկատմամբ՝ այն բանի, թե ինչպես ենք մենք մշտապես պայքարում։ Սա «Ատլետիկոյի» պատմության մի մասն է դառնալու՝ որպես մի փուլ, որը մենք անցել ենք ակումբում։

Ինչ էլ լինի, ես երջանիկ եմ և հպարտ իմ ֆուտբոլիստներով։ Այո, գուցե չկարողացանք հաղթել «Ռեալին» Չեմպիոնների լիգայում, բայց նրանք ամեն անգամ տառապում են, երբ խաղում են մեզ հետ»։

«Խուլիան Ալվարեսի չհաշված գո՞լը 11–մետրանոցների սերիայում։ Երբ նա հարվածեց, գնդակը միանշանակ տեղից չշարժվեց, բայց եթե VAR-ում իսկապես տեսել են, որ Խուլիանը երկու անգամ հպվեց գնդակին, թող լինի այդպես»։

«Սա վերջին տարիների ամենավա՞տ «Ռեալ Մադրիդն» է։ Կարծում եմ՝ այդ հարցը տալը կոռեկտ չէ մի թիմի նկատմամբ, որտեղ խաղում են Մբապեն, Վինիսիուսը, Բելինգեմը, Ռոդրիգոն, Բրահիմը, Վալվերդեն...

Վերջին տարիներին «Ռեալը» մի քանի անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, ուստի նրանք, հավանաբար, աշխարհի լավագույն թիմն են։ Նրանք շարունակում են ապացուցել, որ շատ ուժեղ են ՉԼ-ում։ Կարծում եմ՝ հասարակությունը չափազանց կտրուկ է «Ռեալի» նկատմամբ»։


Ամենակարդացված