Հոդվածներ

«Մբապեն վնասվածք ունի և զզված է»
26.04.2026
142 0

Արբելոան «Ռեալ Մադրիդի» պահեստայինների նստարանին հայտնվեց որպես «խաղաղարար»՝ մի բարձրագոչ անվանում, որը սազական է նրանց, ովքեր գնում են փողոցային խմբավորումների կռիվը հանդարտեցնելու: Բայց նա հեռանալու է որպես «տարաձայնությունների մարդ»: Այս պահին նա արդեն խնդիրներ ունի Կարվախալի, Ասենսիոյի ու Սեբալյոսի հետ, և դեռ շաբաթներ կան այդ ցուցակն ընդլայնելու համար: Փոխարենը՝ նա սիրավեպ է սկսել Վինիսիուսի հետ (ում նա ուղղակի Վինի է անվանում), մի փաստ, որի համար մարդիկ Սիբելես հրապարակ չեն գնա:

Կարվախալի դեպքում՝ այն տղայի, ով դրել է «Վալդեբեբասի» առաջին քարը, «Լա Կարտուխայում» տեսանք, որ րոպեներ տրվեցին Ալաբային ու Մանուել Անխելին, բայց ոչ նրան: Արհեստական բանականությունը դեռ այնքան չկա, որ հասկանանք, թե ինչ է կատարվում ավագի ուղեղում:

«Ալավեսի» և «Բետիսի» դեմ խաղերի վերջնամասերը բացահայտեցին իրական վիճակը: Երբ «Ալավեսի» դեմ խաղն ավարտվեց, Մբապեն իր մարզաշապիկը տվեց Կիկե Սանչես Ֆլորեսին ու թթված դեմքով ուղղվեց դեպի հանդերձարան՝ առանց որևէ մեկին սպասելու: Րոպեներ առաջ նա իր դժգոհությունն էր հայտնել մի քանի դրվագներում Վինիսիուսին, ով համառորեն «ուտում էր» գնդակները՝ առանց փոխանցում կատարելու:

Զայրույթի ծանրաբեռնվածություն

«Լա Կարտուխայում» ֆրանսիացին նորից հիասթափված լքեց դաշտը՝ «ծանրաբեռնվածության» պատճառով. մի ցավ, որից հիմա կկառչեն աշխարհի բոլոր ֆուտբոլիստները՝ Աշխարհի առաջնության մոտ լինելու պատճառով: Մբապեն և՛ վնասվածք ունի, և՛ զզված է:

Մբապեն, իր պատասխանատվության չափաբաժնով հանդերձ, եկել էր «Բեռնաբեու» ամեն ինչ հաղթելու, այլ ոչ թե ամեն ինչ տանուլ տալու համար: Նրա հիմնական ծանրաբեռնվածությունը զայրույթից է:

Ի դեպ

Պրեստիանիին ՈՒԵՖԱ-ն պատժել է վեց խաղով: Ռասիզմը չապացուցվեց, բայց հոմոֆոբիան՝ այո: Ֆուտբոլիստը խոստովանել է իր վիրավորանքները այնպես, ինչպես վարորդը, ում կանգնեցնում է ոստիկանը, ու նա առաջինն ասում է, որ մարդ չի սպանել, բայց անվադողի մեջ երեք կիլո կոկաին ու գողացված ադամանդներ ունի:

Պրեստիանիին նաև պետք էր պատժել այն բանի համար, որ կես ժամ շարունակ մարզաշապիկով փակում էր բերանը, ինչը հուշում էր, որ նա Վինիսիուսին հաստատ բարի բաների մասին չէր հարցնում: