Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի հարցազրույցից հատվածներ։
«Ռեալում» հանդես գալու ընթացքում Ռոնալդոն գեր էր, և չէր ուզում նիհարել, որովհետև չափազանց շատ էր սիրում հեշտ կյանքը։ Բայց ամենավատն այն էր, որ նա նաև ներգրավեց իր թիմակիցներին այդ կյանքում, ինչն ինձ համար ավելի մեծ խնդիր ստեղծեց։
Ես նրան հնարավորություն տվեցի նիհարելու և լավ պահելու իրեն, բայց նա չցանկացավ դա անել, այդ պատճառով էլ վաճառվեց։ Դա է ամբողջ պատմությունը։
Եթե նա չտուժեր վնասվածքներից և հոգ տաներ իր մասին, ապա կլիներ ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը՝ Մեսսիի և Մարադոնայի կողքին։ Մի կողմից նա չէր կարողանում հոգ տանել իր մարմնի մասին, մյուս կողմից՝ պարզապես չէր ուզում։ Ֆուտբոլում լինում են այդպիսի խաղացողներ։ Օրինակ՝ հիշո՞ւմ եք Գուտիին»։
«Ես միշտ ցանկանում էի ընդգծել Ռաուլի կարևորությունը «Ռեալի» համար՝ Ռոնալդոյի ու Գուտիի պես խաղացողների պատճառով։ Երբ թիմը «քնում էր» խաղադաշտում, նա վազում էր, պրեսինգի ենթարկում և մոտիվացնում իր խաղընկերներին։
Ռաուլը չուներ այն բացառիկ տաղանդը, ինչ մյուսները, բայց այնքան խելացի և հավակնոտ էր, որ դա որևէ նշանակություն չուներ։ Ճիշտ այդպիսի ֆուտբոլիստ եմ ուզում տեսնել իմ թիմում»։
«Իմ երկրորդ շրջանը «Ռեալում» համընկավ «Գալակտիկոսների» դարաշրջանի վերջի՞ն։ Ո՛չ, ո՛չ, ոչ մի «Գալակտիկոս» չէր մնացել։ Ռոբերտո Կառլոսի պայմանագիրն ավարտվում էր մրցաշրջանի վերջում, բայց խնդիրներ ունեցանք Բեքհեմի հետ։
Այդ պահին Դևիդը նախնական պայմանագիր էր կնքել «Լոս Անջելես Գելաքսիի» հետ, ինչը դուր չեկավ «Ռեալի» ղեկավարությանը, քանի որ ակումբը ցանկանում էր նոր պայմանագիր առաջարկել նրան։
Այդ պատճառով Կալդերոնը և Միյատովիչը (այն ժամանակվա նախագահը և ակումբի սպորտային տնօրենը) խնդրեցին այլևս չհանել նրան խաղադաշտ։ Սկզբում համաձայնվեցի, բայց 10 օր դիտելով Բեքհեմի քրտնաջան մարզումները՝ նույնիսկ առանց խաղային պրակտիկայի, ասացի․ «Վերջ։ Նա «Ռեալի» ֆուտբոլիստն է, հետևաբար կխաղա»։