Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «Սևիլիայի» հետ:
Իտալացի մասնագետի հետխաղային մամուլի ասուլիսը:
«Հավասար հանդիպում էր: Առաջին կեսում մենք ավելի լավ էինք խաղում, սակայն չօգտագործեցինք մեր հնարավորությունները, իսկ հետո «Սևիլիան» արթնացավ: Արդյունքն արդարացի է: Ես կարծում եմ, որ մրցավարը լավ հանդիպում անցկացրեց, նա ամեն ինչով լավն էր (սարկազմ է,-խմբ.): Նա կանգնեցրեց հակագրոհը՝ ֆուտբոլիստի առողջության համար: Ըստ իս նա լավ հանդիպում անցկացրեց»:
Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում Անչելոտին ասել է հետևյալը. «Իհարկե, ես մրցավարության մասին խոսելիս հեգնում էի: Եթե ես վատ արտահայտվեմ մրցավարների մասին՝ շատ հանդիպումներ բաց կթողնեմ որակազրկման հետևանքով»:
«Մենք լավ խաղացինք առաջին կեսում, շատ պահեր ստեղծեցինք: Շատ մոտ էինք գոլ խփելուն, բայց երկրորդ կեսում ամեն բան դժվարացավ: Կարվախալի գոլից հետո ես հետաձգեցի Բրահիմի փոխարինումը, քանի որ ծրագրերը փոխվեցին»:
«Վինիսիուսը դրիբլինգի շատ փորձեր կատարեց, սակայն Խեսուս Նավասը շատ լավ էր պաշտպանվում: Վինիի համար շատ դժվար էր դրիբլինգի գնալը, սակայն նա խաղաց իր ֆուտբոլը: Ինչ վերաբերում է Ռամոսին, ապա ես ուրախ էի նրան տեսնելու և դիմակայելու համար: Ես նրան լավագույնն եմ մաղթում»:
«Ես կարծում եմ, որ հանդիպումը դիտարժան էր, բայց պետք է հաշվի առնել նաև մրցակցի գործոնը: Բելինգեմը հիանալի հանդիպում անցկացրեց, նա մինչև վերջ ջանք ու եռանդ չխնայեց: Միջազգային դադարից հետո միշտ ծուղակներ կան և դա սրանցից մեկը կարող էր լինել, սակայն ոչ-ոքին վատ արդյունք չէ»:
«Ռոդրիգոն լավագույններից մեկն էր խաղադաշտում, եթե ոչ լավագույնը: Նա իրեն չէր խնայում յուրաքանչյուր պահին»: