Իսպանիայի առաջնության 12–րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 10 հոգով հաղթանակ տոնեց «Վալենսիայի» նկատմամբ (2-1)։
Բելինգեմ. «Ես ցավում եմ, որ չկարողացա իրացնել 11-մետրանոցը, բայց վերջում մենք, այնուամենայնիվ, կարողացանք հաղթել։ Ահա սա է «Ռեալի» մտածելակերպը, և մենք պետք է շարունակենք նույն ոգով։
Այս խաղն ուղղակի խենթություն էր։ Ես պարտավոր էի գոլ խփել թիմի համար։ Երբ դու կրում ես «Ռեալի» մարզաշապիկը, երբեք չպետք է հանձնվես»:
Մոդրիչ. «Մեր թիմը կրկին հիանալի կերպով դրսևորեց իր բնավորությունը։ Մեր բախտը փոքր–ինչ չբերեց, քանի որ չկարողացանք իրացնել 11-մետրանոցը և խփեցինք գոլ խաղից դուրս վիճակից, բայց մենք երբեք չդադարեցինք հավատալ, չհանձնվեցինք և վերջում կարողացանք շրջել խաղի ընթացքը։ Սա շատ կարևոր հանդիպում էր։ Նման հաղթանակների շնորհիվ են նվաճվում տիտղոսները։
Հիանալի է, որ այս պահին մենք գլխավորում ենք Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, բայց մենք պետք է շարունակենք քրտնաջան աշխատել և կատարելագործվել։
Իմ գո՞լը։ Դժվար էր չիրացնել այդ պահը Բելինգհեմի հիանալի փոխանցումից հետո։ Ես դարձա «Ռեալի» պատմության մեջ գոլ խփած ամենատարեց ֆուտբոլի՞ստը։ Դե, կարող էի դա պատկերացնել (ծիծաղում է), չէ՞ որ ես արդեն ակումբի պատմության մեջ ամենատարեց խաղացողն եմ»: