Մադրիդի «Ռեալը» մինչմրցաշրջանային պատրաստության շրջանակում ԱՄՆ-ում անցկացրեց ընկերական երկրորդ խաղը՝ այս անգամ Հյուսթոնի NRG ստադիոնում մրցելով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
«Արքայական ակումբը» հաղթեց 2-0 հաշվով: 6-րդ րոպեին մադրիդյան գրանդին հաշվի մեջ առաջ մղեց նորեկ, անգլիացի Ջուդ Բելինգեմը, որը տպավորիչ հարվածով եզրափակեց Անտոնիո Ռյուդիգերի նրբանկատ փոխանցումը՝ բացելով իր գոլերի հաշիվը «Ռեալում»: Առաջին կեսից հետո Բելինգեմը փոխարինվեց՝ իր տեղը զիջելով Ֆեդե Վալվերդեին: Փոխարինման մտած, մեկ այլ նորեկ Խոսելուն խաղավերջում՝ 89-րդ րոպեին՝ Լուկաս Վասկեսի փոխանցումից հետո, շրջադարձ հարվածով դրեց խաղի վերջակետը:
ԱՄՆ-ում ընթացող հավաքի շրջանակում «Ռեալը» կանցկացնի ևս երկու ընկերական խաղ. հուլիսի 30-ին՝ Երևանի ժամանակով 01:00-ին, կկայանա «Էլ Կլասիկո», իսկ օգոստոսի 3-ին՝ Երևանի ժամանակով 03:30-ին, «Ռեալը» կմրցի «Յուվենտուսի» հետ:
Հիշեցնենք, որ հավաքի շրջանակում «Ռեալն» առաջին ընկերական խաղն անցկացրել էր «Միլանի» հետ ու կամային հաղթանակ տարել 3-2 հաշվով:
Գոլերը՝ Ջուդ Բելինգեմ, 6՛, Խոսելու, 89՛:
Fenomeno, Realmadrid.am