Բրազիլական «Ֆլումինենսեն» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Լիբերտադորեսի գավաթակիր՝ եզրափակիչում 2-1 հաշվով առավելության հասնելով արգենտինական «Բոկա Խունիորսի» նկատմամբ:
Բրազիլական ակումբի գույները պաշտպանում է Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն, որը «Արքայական ակումբի» հետ 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի գավաթը:
Նա դարձավ 14-րդ ֆուտբոլիստը, որը նվաճում է և՛ Լիբերտադորեսի գավաթը, և՛ Չեմպիոնների լիգան: Ավելի վաղ դա հաջողվել էր բրազիլացիներ Ռոնալդինյոյին, Դիդեին, Կաֆուին, Ռոկե Ժունիորին, Նեյմարին, Դանիլոյին, Ռաֆինյային, Ռամիրեսին, Դավիդ Լուիսին, ինչպես նաև արգենտինացի Կառլոս Տևեսին, Խուան Պաբլո Սորինին, Վալտեր Սամուելին և Խուլիան Ալվարեսին:
Սա «Ֆլումինենսեի» համար առաջին Լիբերտադորեսի գավաթն է: Ավելի վաղ բրազիլական ակումբը 2008 թվականին հասել էր մինչև եզրափակիչ: