Չնայած Լա լիգայում վատ մեկնարկին, Զինեդին Զիդանը լավատեսորեն է տրամադրված Չեմպիոնների լիգայում «Բորուսիայի» դեմ խաղից առաջ։
Եվրոպայի ու Իսպանիայի գործող չեմպիոններն արդեն իսկ յոթ միավորով զիջում են «Բարսելոնային» ներքին առաջնությունում, բայց «Ալավեսի» նկատմամբ տարած հաղթանակը կարող է թիմին վստահության նոր ալիք հաղորդել։
«Մենք լավ ենք զգում մեզ։ Վերջին խաղում տարած հաղթանակից հետո մենք անհամբեր սպասում ենք Չեմպիոնների լիգայի հերթական խաղին»,- ասաց Զիդանը։
Ֆրանսիացին, այնուամենայնիվ, ընդունում է, որ հեշտ չի լինելու Դորտմունդում, բայց նա արդեն իսկ որոշել է, թե ինչպես է խաղալու իր թիմը։
«Ցանկացած մարզադաշտում էլ բարդ է խաղալը։ Մենք երբեք չենք հաղթել Դորտմունդում, ինչը ևս մեկ մարտահրավեր է մեզ համար։ Ցանկանում ենք լավ ֆուտբոլ խաղալ ու լավ խաղ տեսնել»,- նշեց նա։
Չնայած վերջին մի քանի շաբաթները ծանր եղան «Ռեալի» համար, Զիդանը նշել է, որ երբեք չի փորձել մեղադրել ֆուտբոլիստներին, որոնք շարունակաբար ապացուցել են իրենց որակները։
«Այս խաղը կարող է մեզ համար շրջադարձային լինել, բայց մենք միշտ էլ ստիպված ենք ապացուցել մեր ունակությունները երեք օրը մեկ։ Ես ֆուտբոլիստների հետ չեմ խոսել վերջին իրադարձությունների մասին։ Մեզ հերթական խաղն է սպասում ու հերթական մրցաշարը»,- նշել է ֆրանսիացի մասնագետը։
Կազեմիրոն «Ռեալի» վերջին հաջողություններում կարևոր դերակատարում է ունեցել, ու մարզիչը նույնիսկ համեմատել է նրան պատմության մեծագույն խաղացողների հետ։
«Նա կարող է համեմատվել Կլոդ Մակելելի ու Դիդյե Դեշամի հետ։ Երբ մի ֆուտբոլիստ կարողանում է բալանս ապահովել պաշտպանության ու հարձակման միջև, մնացած բոլոր խաղացողները լավ են հանդես գալիս։ Այն, ինչի հասել է Կազեմիրոն, չի զարմացնում որևէ մեկին, ու նա մրցաշրջանից մրցաշրջան ավելի լավն է դառնում»,- եզրափակել է Զիդանը։
Los Merengues, Realmadrid.am