Կարլո Անչելոտին որոշել է երեքշաբթի օրը Մյունխենում դաշտ դուրս բերել իր ողջ ծանր հրետանին: Ոչ մի հետ քայլ չի լինելու: Նա ցանկանում է հաղթել «Բավարիային» նրա իսկ հարկի տակ: Նրա նպատակն է ոչ միայն ձեռք բերել Լիսաբոնում կայանալիք եզրափակչի ուղեգիր, այլ նաև անել դա գեղեցիկ ոճով: Այնպես որ, եթե վերջին պահին որևէ անակնկալ չլինի, Բեյլը, Բենզեման ու Ռոնալդուն (BBC) դուրս կգան խաղադաշտ մեկնարկային կազմում:
Իտալացի մասնագետը այս մասին խոսեց դեռևս առաջին խաղից հետո: Նրա նպատակն է օգտագործել բոլոր հնարավոր ուժերը, ու BBC եռյակի ոչ մի տարր չի խնայելու: «Որոշ խաղերում ավելի լավ է խաղալ չորս կիսապաշտպաններով: Պաշտպանությունում խաղը զոհողություն է պահանջում, ու դա այս մարզաշապիկը կրող յուրաքանչյուր ֆուտբոլիստի պարտքն է: Մենք կարող ենք խաղալ 4 կիսապաշտպանով նույնիսկ այն ժամանակ, երբ Բեյլը, Ռոնալդուն ու Բենզեման խաղադաշտում են»,- նշեց իտալացին մամլո ասուլիսի ժամանակ:
Անչելոտի շատ դժգոհ էր «Բավարիայի» դեմ խաղի առաջին խաղակեսից, հատկապես՝ առաջին 20 րոպեներից: Ընդմիջման ժամանակ իտալացին հորդորել է իր խաղացողներին ավելի բարձր պրեսինգ կիրառել, ինչը թիմը կարողացավ անել, որի արդյունքում ավելի հանգիստ խաղակես անցկացրին:
Քննարկման ենթակա չէ այն, որ Անչելոտին մտադիր է նորից խաղալ 4 կիսապաշտպաններով: 4-4-2 սխեմայի դեպքում այս թիմը գրեթե անհաղթահարելի է: Սա այն դեպքերում է արդյունավետ, երբ մրցակցի կիսապաշտպանությունը ուժեղ է:
*Achtung բառը գերմաներենից թարգմանաբար նշանակում է «ուշադրություն»:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am