«Վալեկաս» մարզադաշտում «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղից առաջ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Իտալացի մարզիչը հաստատեց, որ Ալոնսոն կլինի մեկնարկային կազմում, ինչպես նաև հավելեց.«Սա դերբի է, իսկ բոլոր դերբիները հատուկ են մեզ համար: Թիմը հաղթել է «Վալեկասում» անցկացրած վերջին 5 խաղերը, բայց միշտ էլ դժվարություններ է ունեցել: Վաղը նույնպես հեշտ չի լինի, բայց թիմն ամեն ինչ կանի, որ շարունակի լավ խաղ ցուցադրել: Մենք պետք է հաղթենք՝ ցուցադրելով գեղեցիկ ֆուտբոլ»:
Այն խաղի մասին, որը նա գերադասում է տեսնել.«Ես գերադասում եմ այն խաղը, որում մենք 90 րոպե լավ հարձակվում ենք ու լավ պաշտպանվում: «Սևիլիայի» դեմ խաղում մենք կարող էինք շատ ավելի լավ խաղալ պաշտպանությունում, որ թույլ չտայինք նրանց այդքան պահեր ստեղծել»:
Ռոտացիայի դիմելու տարբերակի մասին.«Ես փոփոխություններ եմ կատարելու կազմում, բայց դրա պատճառը Չեմպիոնների Լիգայի խաղը չէ: Մենք պետք է տեմպային ֆուտբոլ խաղանք, ու որոշ խաղացողներ, ովքեր բացակայում էին «Սևիլիայի» դեմ խաղում, կխաղան վաղը»:
Աջ եզրային պաշտպանի դիրքի մասին.«Կարվախալը շատ ավելի թարմ է, քան Արբելոան, ու նրա շանսերը շատ ավելի մեծ են: Չորեքշաբթի օրը որոշ երկրպագուներ ծափահարում էին Ալվարոյին, իսկ ոմանք էլ՝ սուլում: Նա շատ լավ արձագանքեց դրան, ու ոչ մի խնդիր չկա»:
Հարձակվողական եռյակի մասին.«Դի Մարիան կարող է խաղալ խաղալ հարձակման գծի ցանկացած դիրքում: Ռոնալդուն, Բեյլն ու Բենզեման վերականգնվել են, ու կազմը որոշելու հարցում խնդիրներ չունեմ: Ես դեռ չեմ կայացրել իմ որոշումը»:
Վարանի՝ մարզմանը չմասնակցելու մասին.«Նա մի փոքր հոգնած էր: Նա վաղը չի խաղա, բայց կպատրաստվի «Յուվենթուսի» դեմ խաղին: Մենք պետք է զգույշ լինենք նրա ծնկի հարցում: Նա երկու խաղ է անցկացրել, իսկ վաղը կհանգստանա, որ ծնկի հետ խնդիրներ չառաջանան»:
Թե ով կարող է փոխարինել Խեդիրային, եթե գերմանացին դաշտ դուրս չգա.«Մոդրիչը, Կազեմիրոն կամ Դի Մարիան կարող են խաղալ այդ դիրքում»:
Ռոնալդուի մասին.«Նա շատ պրոֆեսիոնալ է ու լրջմիտ: Դժվար է ասել, թե նա կարող է ավելին անել, քանի որ նա միշտ առավելագույնն է անում խաղադաշտում, ու ես ավելին պահանջել չեմ կարող»:
Զեպ Բլատերի՝ ներողություն խնդրելու մասին.«Դա ցավալի պահ էր: Երբեմն չի խանգարի խոսելուց առաջ մտածել: Ես միշտ այդպես եմ անում»:
«Բարսելոնայի» մասին.«Նրանք ուժեղ են, ինչպես միշտ, ու ունեն հստակ փիլիսոփայություն: Նրանք հաղթել են գրեթե բոլոր խաղերում ու շատ լավ են խաղում: Ես չեմ կարող շատ թույլ կողմեր գտնել»:
Եվ նորից Օզիլի մասին.«Դա խնդիր չէր: Ես նրան հաջողություններ եմ մաղթում, բայց մեզ համար նա արդեն անցյալում է: Ես գոհ եմ իմ թիմի կազմից»:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am