• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» գոլառատ պայքարում պարտվեց «Բավարիային» և դուրս մնաց Չեմպիոնների լիգայից

Հոդվածներ

«Ռեալը» գոլառատ պայքարում պարտվեց «Բավարիային» և դուրս մնաց Չեմպիոնների լիգայից
16.04.2026
103 0

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց Մյունխենի «Բավարիային» և պարտվեց 3-4 հաշվով: Երկու խաղերի հանրագումարով «Ռեալը» զիջեց 4-6 հաշվով և ավարտեց պայքարը մրցաշարում:

Պատասխան հանդիպման առաջին կեսից հետո «Արքայական ակումբը» հաղթում էր 3-2 հաշվով, և դիմակայությունում հաշիվը հավասար էր: «Ռեալից» տպավորիչ դուբլով աչքի էր ընկել Արդա Գյուլերը, 1 գոլով՝ Կիլիան Մբապեն, որը 15 գոլով Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի գլխավոր ռմբարկուն է: «Բավարիայից» դարպասի գրավմամբ աչքի էին ընկել Ալեքսանդր Պավլովիչն ու Հարի Քեյնը:

Երկրորդ խաղակեսում «Ռեալի» համար ամեն ինչ գլխիվայր շրջվեց, երբ 86-րդ րոպեին ոչ սպորտային պահվածքի համար երկրորդ դեղին քարտը ստացավ Էդուարդո Կամավինգան և հեռացվեց դաշտից: Ի դեպ, տպավորություն էր, թե մրցավար Սլավկո Վինչիչը մոռացել էր, որ Կամավինգային ցուցադրել է երկրորդ դեղինը, քանի որ կարմիր քարտը գրպանից հանեց ավելի ուշ: 

3 րոպե անց Լուիս Դիասը հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ դիմակայությունում առաջ մղեց մյունխենյան գրանդին: Իսկ ավելացված չորրորդ րոպեին խաղի վերջակետը դրեց Մայքլ Օլիսեն՝ 4-3:

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ

«Բավարիա» - «Ռեալ Մադրիդ»՝ 4-3 (առաջին խաղը՝ 2-1)

Ալեքսանդր Պավլովիչ, 6, Հարի Քեյն, 38, Լուիս Դիաս, 87, Մայքլ Օլիսե, 90+4 - Արդա Գյուլեր, 1, 29, Կիլիան Մբապե, 42

Հեռացում՝ Էդուարդո Կամավինգա (86), Արդա Գյուլեր (խաղից հետո), (երկուսն էլ՝ «Ռեալ Մադրիդ») 

Fenomeno, Realmadrid.am