Պատմություն այն մասին, թե ինչպես «Ռեալն» առաջին անգամ տեղափոխվեց այլ երկիր, որպեսզի անցկացնի մի քանի ընկերական հանդիպում:
Կառլո Անչելոտիի սաները մեկնել են ԱՄՆ՝ անցկացնելու մինչմրցաշրջանային հանդիպում: Սա լավ առիթ է հիշելու թիմի պատմության առաջին հավաքը Իսպանիայի սահմաններից դուրս:
1920 թվականի հոկտեմբերի վերջին «Մադրիդը» պաշտոնապես ստացավ «Ռեալ» տիտղոսը (իսպաներենից թարգմանաբար՝ «արքայական»): Այն շնորհվել էր թագավոր Ալֆոնս XIII-ի կողմից հունիսին, սակայն իրավաբանական նրբություններից ելնելով, ակումբը կարողացավ այդ տիտղոսն օգտագործել անվանման մեջ միայն հոկտեմբերին:
Նախքան Իսպանիայի առաջնության կանոնավոր մեկնարկը դեռ 8 տարի կար և տարբեր քաղաքների թիմերը խաղում էին ռեգիոնալ առաջնություններում: Այն անցկացվում էր խմբային ձևաչափով և յուրաքանչյուր խմբի հաղթողին իրավունք էր սալիս մասնակցելու երկրի գավաթի խաղարկությանը՝ այդ տարիներին Իսպանիայի ամենահեղինակավոր մրցաշարին:
Մադրիդում անցկացվում էր առաջին կարգի առաջնություն, որում մասնակցում էին 4 թիմեր՝ «Ռեալ Մադրիդը», «Ատլետիկոն», «Խիմնաստիկը» և «Ռասինգը»: Ռեգիոնալ առաջնության առաջին կեսն անցկացվում էր հոկտեմբեր-նոյեմբերին, իսկ մնացած մասը՝ հունվարին: Հենց այդ ազատ ժամանակահատվածում էլ «Մադրիդն» օգտագործեց առաջին անգամ Իսպանիայի սահմաններից դուրս շրջագայելու համար:
Ընտրությունը կանգ առավ Իտալիայի վրա, ինչո՞ւ
Մի քանի վարկած կա: Ամենատարածվածն այն է, որ շրջագայության պատճառը թագավորական տիտղոսը ցուցադրելն էր երկրի սահմաններից դուրս: Այլոք կարծում էին, որ այդ շրջագայությունը կազմակերպվել էր նույն տարում Անտվերպենի Օլիմպիական խաղերում Իսպանիայի կողմից նվաճված արծաթե մեդալների փառքի համար:
Տարբերակները շատ են, բայց դրանցից ոչ մեկը 100 տոկոսով մոտ չէ իրականությանը:
Հայտնի է միայն, որ այդ շրջագայությունը նախաձեռնողը Նատալիո Ռիվաս անունով մարդն է: Նա ծնվել է 1894 թվականին Գրանադայում, նրա հայրը հայտնի քաղաքական գործիչ էր, որն այդ ժամանակ մարզային խորհրդի նախագահն էր:
Երիտասարդ տարիներին Ռիվասը մեկնել էր Իտալիա, որպեսզի շարունակեր կրթությունը Բոլոնիայի անվան Սան-Կլեմենտե արքայական քոլեջում: Այդ իսպանական կրթական հաստատությունում նա ծանոթացել էր իր հայրենակից Անտոնիո Բեռնաբեուի հետ (Սանտիագո Բեռնաբեուի եղբայրը), որի հետ նրանք ֆուտբոլ էին խաղում ազատ ժամանակ: Խաղի նկատմամբ նրանց կիրքը հանգեցրեց այն բանին, որ երկուսն էլ 1909 թվականին հիմնադրեցին «Բոլոնիա» ֆուտբոլային ակումբը:
Կրթությունն ավարտելուց հետո Ռիվասը վերադարձավ Իսպանիա: Բեռնաբեուի հետ միասին նրանք դարձան «Ռեալի» ֆուտբոլիստներ, չնայած պաշտոնական խաղերում նորամուտը նշել կարողացավ միայն Նատալիոն: Այդ ժամանակ Իսպանիայում ֆուտբոլը սիրողական մակարդակի վրա էր, պրոֆեսիոնալ պայմանագրեր սկսեցին կնքվել միայն 30-ականներին, այդ պատճառով էլ այս կամ այն ֆուտբոլային ակումբ հայտնվելը դժվար գործ չէր:
«Սերուցքայինների» կազմում հանդես գալուց բացի, Ռիվասն ինչ-որ ժամանակ նաև մադրիդյան բիզնես դպրոցում իտալերենի պրոֆեսոր էր: Նրա լեզվի և երկրի իմացությունը առանցքային նշանակություն ունեին Իտալիայում «Ռեալի» հանդիպումների շարք անցկացնելու գործում:
Ռիվասը կարողացավ համաձայնեցնել Իտալիա մեկնելը՝ 5 ընկերական խաղ անցկացնելու համար, ինչի մասին հայտնեց ակումբի տնօրենների խորհրդին՝ Պեդրո Պարեխեսին:
Մեկնում Իտալիա, 5 խաղից 1 հաղթանակ և հետաքրքիր պատմություն այն մասին, թե ինչպես թիմի ֆուտբոլիստները կարող էին տուժել մեխակի պատճառով
«Ռեալի» գրեթե բոլոր ֆուտբոլիստերը կարողացան մասնակցել շրջագայությանը: Որոշները չկարողացան թույլտվություն ստանալ ծնողներից, որոշներին չթողեցին աշխատավայրից, մյուսներն էլ բանակի խնդիր ունեին:
Եթե խորանանք «Ռեալի» պատմության մեջ, ապա այս շրջագայության մասին քիչ բան է հայտնի: Միայն Մանուել Ռոսոն Այուսոն է «Վետերան» մականունով, որը 1940 թվականին գրված իր գրքում խոսում է այս շրջագայության մասին:
ԶԼՄ-ների հետ ամենաշատն այս շրջագայության մասին խոսել է ֆուտբոլիստ Խոսե Մարիա Կաստելը, որը մի քանի տարի հետո դառնալու է «Չամարտինի»՝ մինչև 1947 թվականն ակումբի տնային մարզադաշտի ճարտարապետը: Նա մի քանի գրառումներ է կատարել Madrid-Sport պարբերականում:
Պաբլո Էրնանդես Կորոնադո, Մանսանեդո, Պերիս, Մենգոտի, Սիցիլիա, Մոնյարդին, Ունանուե, Էսկալերա, Միգել, Պակո Գոնսալես, Տորադո, Ուրբինա, Դել Կամպո, Վիկտոր Ռոդրիգես, Կաստել և Ռիվաս. այն ֆուտբոլիստները, որոնք մեկնեցին Իտալիա:
Որոշ հետաքրքիր մանրամասներ. շրջագայությանը մեկնել էր միայն մեկ դարպասապահ՝ Կորոնադոն, իսկ Էսկալերային հատուկ այս մեկնումի համար վարձակալել էին «Ատլետիկոյից», ինչպես նաև կազմում ներառվել էր անհայտ ֆուտբոլիստ Ուրբինան:
Որոշ երկրպագուներ որոշել էին ուղեկցել թիմին այս շրջագայության ժամանակ, որոնցից մեկն էլ Խուան Լոպես Գարսիան էր՝ այդ ժամանակվա մատենագիրը և Հարավային (անդալուզական) ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:
Թիմը Մադրիդից տեղափոխվեց Բարսելոնա, այնտեղից՝ Թուրին, որտեղ 1920 թվականի սուրբծննդյան նախօրեին կայացավ առաջին հանդիպումը: «Ստրադալե Ստուպինիջի» ստադիոնում, որտեղ հանդես էր գալիս «Տորինոն», «Ռեալը» մրցեց «Տորինոյի» և «Յուվենտուսի» միացյալ կազմի դեմ և պարտվեց 1-4 հաշվով:
Կաստելի խոսքով՝ խաղադաշտը շատ կեղտոտ էր և երբ մրցավարը խաղից առաջ մետաղադրամը օդ նետեց, այն կորավ ցեխի մեջ: Ունանուե ազգանունով ֆուտբոլիստը խփեց «Ռեալի» միակ գոլը և մտավ պատմության մեջ որպես ակումբի պատմության առաջին ֆուտբոլիստը, որը աչքի է ընկել իտալական թիմերի խաղադաշտում:
«Ռեալը» Թուրինից տեղափոխվեց Բոլոնիա, որտեղ թիմին դիմավորեցին Ռիվասի հին ընկերները: Սուրբ Ստեֆանի օրը՝ դեկտեմբերի 26-ին, իսպանական ակումբը 0-3 հաշվով պարտություն կրեց «Բոլոնիայից»: Կաստելը խմբագրականում գրել է, որ «Ռեալի» ֆուտբոլիստները դիտավորյալ պարտվեցին խաղում, որպեսզի տանտերերին շնորհակալություն հայտնեն հյուրընկալության համար:
Բոլոնիայում «Ռեալի» ֆուտբոլիստների հետ պատահեց ևս մեկ հետաքրքիր դեպք: Նատալիո Ռիվասի ընկերները ընթրիք կազմակերպեցին մադրիդյան թիմի ֆուտբոլիստների համար և նրանցից մեկի կինը «Ռեալի» ֆուտբոլիստների մի քանի կարմիր մեխակ նվիրեց: Ֆուտբոլիստները շնորհակալություն հայտնեցին նվերի համար, դրեցին այն վերարկու վերևի գրպանում և սկսեցին զբոսնել քաղաքով:
Քաղաքի բնակիչները նկատեցին մի խումբ տղամարդկանց՝ սոցիալիստական շարժման սիմոլով և սա այն ժամանակ, երբ Իտալիայի ֆաշիստականացումը թափ էր հավաքում: Ռիվասը, տեղեկանալով այդ մասին, ընկերներին խորհուրդ տվեց հանել մեխակները, որպեսզի հետագա անախորժություններ չլինեն:
Հաջորդ կանգառը Լիվորնոն էր, որտեղ թիմը կրկին պարտվեց՝ այս անգամ 0-2 հաշվով: Խաղից հետո մադրիդցիները վերադարձան Բոլոնիա, որտեղ մրցեցին «Նացիոնալ» թիմի հետ և հաղթեցին 4-1 հաշվով: Այնտեղից Միլանով տեղափոխվեցին Ջենովա, որպեսզի վերջին խաղն անցկացնեն համանուն թիմի դեմ՝ «Վիա դել Պիանո» ստադիոնում, որն այդ ժամանակ կոչվում էր Լուիջի Ֆերարիսի անունով:
Կազմում ունենալով մի քանի վնասվածք ստացած ֆուտբոլիստ, և Կաստելի խոսքով, մրցելով բավականին ամուր թիմի դեմ, «Ռեալը» 0-5 հաշվով պարտություն կրեց: Իսպանական ակումբն Իտալիայի շրջագայությունն ավարտեց 4 պարտությամբ և 1 հաղթանակով:
Ռեակցիան
Արդյունքները մեծ զայրույթ առաջացրին ակումբի ներսում: Շրջագայությունը բաց քննադատության արժանացավ Madrid-Sport ամսագրում, որն այդ ժամանակ գլխավորում էր Խուլիո Չուլիլյան («Ռեալի» քարտուղարը):
Կարծիք կար, որ այս շրջագայությունն ընդամենը արձակուրդն անցկացնելու տարբերակ էր, այլ ոչ թե ակումբն ու երկիրը փառաբանելու միջոց:
Իտալիայում հանդիպումների մասին ավելի շատ խոսվեց, քան Իսպանիայում, չնայած դա արվում էր բազմաթիվ սխալներով՝ ոչ ճիշտ էր տրվում ֆուտբոլիստների անունները, կամ հաղթանակների նկատմամբ ուշադրություն սևեռելու նպատակով հայտարարվում էր, որ մադրիդյան թիմից որոշները Անտվերպենի Օլիմպիական հավաքականի կազմում են եղել, ինչը սուտ էր:
«Ռեալի» նախագահ Պեդրո Պարեխեսը շրջագայության ավարտից հետո տնօրենների խորհրդի հետ ամփոփել էր արդյունքները՝ ասելով, որ հիանալի փորձ էր ու մեծ տնտեսական հեռանկար կար, սակայն մարզական առումով կատարյալ ձախողում էր: