Marca պարբերականի լրագրող Կառլոս Կարպիոյի սյունակը։
18 տարեկանում «Ռեալ» ժամանելուց ի վեր Վինիսիուսը բազմաթիվ ռեկորդներ է գերազանցել։ Ծաղրուծանակի, մեմերի ու իր հասցեին ուղղված նվաստացուցիչ արտահայտությունների ռեկորդներ։ Համաշխարհային ռեկորդներ։
Բրազիլացուն այնքան մասշտաբային էին հալածում, որ այսօր, հետհայացք նետելով, մարդիկ կարող են անհարմար զգալ, որ ֆուտբոլի պատճառով այդքան ափերից դուրս են եկել։ Անգամ երեխայի խաղի պատճառով։ Վինիսիուսը չէր օգտագործում պահերը և մարդիկ ծիծաղում էին նրա վրա....
Բայց բրազիլացին նույնպես ծիծաղում էր, ու չէր կորցնում իր ժպիտն անգամ ամենածանր պահերին։ Հնարավոր է, քանի որ նա գիտեր, թե ինչերի է ունակ ու ունի այն որակները, որոնցով աշխարհում քչերը կարող են հպարտանալ։
4 տարի անց իրավիճակն այլ է։ Վինիսիուսն առաջվա պես ժպտում է, բայց նրա մասնակցությամբ մեմեր այլևս չկան։ Հիմա մենք բոլորս նրա հետ միասին ժպտում ենք։ Վինիի դեմքն այլևս հեգնաբար չեն ֆոտոշոպում «Ոսկե գնդակի» կողքին։ Այո, նա այլևս գոլային պահերը բաց չի թողնում։
Նախորդ մրցաշրջանում նա 22 գոլ էր խփել ու 20 գոլային փոխանցում կատարել, իսկ մրցաշրջանը եզրափակեց ՉԼ-ում խփած հաղթական գնդակով։
Միայն աշխատանքի շնորհիվ բրազիլացին հասավ նման հաջողությունների, չնայած շատերը հավաստիացնում էին, որ ոչ մի աշխատանքի ծավալ չի օգնի ավելի լավ օգտագործել պահերը։ Վինիսիուսը վերջին 4 խաղում 4 գոլ է խփել ու, հաշվի առնելով նրա աճը, այսօր դժվար է ասել, թե որն է Վինիսիուսի առավելագույնը, 25 -30 գո՞լ, միգուցե ավելի՞ն։
Ցանկացած պարագայում, Վինիի դեպքում գոլերը որոշիչ գործոն չեն։ Կարևորն այն է, թե ինչ վնաս է նա հասցնում մրցակցի պաշտպաններին, ինչպես նաև այն վախը, որ ամեն խաղում հասցնում է մրցակիցներին։ Նրան կարելի է մեկ դրվագում կանգնեցնել, բայց հաջորդ դրվագում նա կրկին առաջ է շարժվում։ Մեկը մեկի, կամ մեկը հինգի դիմաց։
Վինիի աճը իր մեջ շատ բաներ է ներառում՝ այդ թվում որոշումների կայացումը, գործողությունների կշռադատվածությունը, խաղադաշտը տեսնելը..... բայց դժվար է կանխատեսել, թե որն է նման ֆուտբոլիստի մաքսիմումը։