Հոդվածներ

Մբապե. աղերսանքներից մինչև հալածանք ու նվաստացում
03.05.2026
59 0

Պեդրո Մորատայի կարծիքը

Ֆուտբոլիստներին հաճախ անվանում են «վարձկաններ»՝ իրենց ակումբների հանդեպ սառնասիրտ վերաբերմունքի համար։ Բայց ճշմարտությունն այն է, որ շատ դեպքերում ես հասկանում եմ նրանց։

Մենք տարիներ շարունակ անցել ենք Մբապեի տրանսֆերի շուրջ ամենօրյա, երբեմն նույնիսկ կրկեսային հիշեցնող քննարկումների միջով։ Չեմ հիշում ավելի հոգնեցուցիչ մի պատմություն, քան Ռոբինյոյի տրանսֆերն էր (ևս մեկ «փչացած խաղալիք» «Ռեալում»)։

Տարիներ շարունակ կարդացել եմ բացարձակ հիմարություններ Մբապեի ենթադրյալ «ակնարկների» մասին՝ իբր նա վիրտուալ համբույրներ է ուղարկում «Ռեալին»։ Եթե սպիտակ գլխարկ էր դնում՝ ակնարկ էր «Ռեալին»։ Եթե Աշրաֆի հետ Մադրիդ էր գալիս ընթրելու՝ ուրեմն տուն էր փնտրում։ Եթե լողափին սպիտակ շապիկ էր հագնում՝ սիրո խոստովանություն էր «Ռեալին»։ Մի խոսքով՝ անհեթեթությունների մի շարան, որը կփորձեր նույնիսկ ամենահամբերատար մարդու նյարդերը։

Կային «բացառիկ» նորությունների մրցավազքեր, թե իբր նա արդեն պայմանագիր է կնքել։ Սա ձգվեց մոտ վեց տարի։ Եվ միշտ գտնվում էր մի «իմաստուն», ով արդեն գիտեր, որ հաջորդ մրցաշրջանում նա խաղալու է «Ռեալում»։ Այդ 6 տարիների ընթացքում լրագրողները մեկ սիրում էին նրան ու կարմիր գորգ փռում (կարծես դա Կիլիանին հետաքրքիր էր), մեկ էլ՝ «սպանում», արհամարհում ու վատագույնն էին մաղթում, երբ նա ևս մեկ ամառ մնում էր Փարիզում։ Կան տեսանյութեր, որոնք իսկական հակադեպրեսանտներ են. մարդիկ նախ խաչում էին նրան, իսկ մեկ տարի անց, երբ նա տեղափոխվեց «Ռեալ», «ներում էին նրան սթափվելու համար»։ «Փառք Աստծո»,- կասեր Մբապեն։

Բայց հիմա իրավիճակը փոխվել է։ Երկու մրցաշրջան անց սոցիալական ցանցերը, հատկապես X-ը (Թվիթերը), հալածում են նրան՝ քննադատելով ամեն քայլի համար։ Չգիտես ինչու, նա շնորհազրկվել է։ Մարդիկ (ովքեր չեն ուզում մեղադրել Ֆլորենտինո Պերեսին) պետք է գտնեն մեկին, ում վրա կթափեն իրենց հիասթափությունը և «Բարսելոնայի» երկրպագուների ծաղրանքը՝ երկու մրցաշրջան անընդմեջ առանց տիտղոսի մնալու համար։

Հիմա Մբապեին «սպանում են», որովհետև նա չի պաշտպանվում

Հիշեցնում են Լուիս Էնրիկեի խոսքերը, որ եթե ուզում է լինել Ջորդանի պես, պետք է նաև պաշտպանվի՝ օրինակ ծառայելով թիմակիցներին։ Ես կասկածներ ունեմ՝ արդյո՞ք Կրիշտիանուն, Մեսսին կամ Մբապեն պետք է ուժասպառ լինեն պաշտպանվելիս և կորցնեն իրենց թարմությունը հարձակման գծում, որտեղ նրանք պետք է վճռեն խաղի ելքը։

Փորձում են գտնել վիճակագրություն, որտեղ երևում է, թե Մբապեի հետ թիմը չի հաղթում Չեմպիոնների լիգան։ ՊՍԺ-ն հաղթեց հենց այն ժամանակ, երբ Մբապեն հեռացավ, իսկ նա եկավ «Ռեալ», ու թիմը երկու տարի ոչինչ չի շահում... Կարծես մեղավորը միայն Մբապեն է։

Նաև փորձում են ստեղծել կերպար, թե նա իբր ձևացնում է վնասվածքը մրցաշրջանի վերջում, երբ բոլորս գիտենք, որ նա խաղացել է վնասվածքով՝ ակումբի սխալի պատճառով, և լռել է այդ մասին։ Նրանից պահանջում են գոլ խփել ամեն դրվագում, կարծես նա ռոբոտ է։ Սա անհեթեթություն է։

Ես նայում եմ նրա տվյալներին և համեմատում Վինիսիուսի հետ.

Ընդհանուր ցուցանիշներ (24/25 և 25/26 մրցաշրջաններ).

Կիլիան Մբապե․ 99 խաղ, 85 գոլ, 11 գոլային փոխանցում։

Վինիսիուս․ 107 խաղ, 41 գոլ, 33 գոլային փոխանցում։

Մբապեն խփել է կրկնակի շատ գոլ՝ 8 խաղ պակաս անցկացնելով։

Լա լիգա և Չեմպիոնների Լիգա

Մբապե․ 61 գոլ Լա լիգայում (55 խաղ), 22 գոլ Չեմպիոնների լիգայում (25 խաղ)։

Վինիսիուս․ 24 գոլ Լա Լիգայում (62 խաղ), 13 գոլ Չեմպիոնների լիգայում (26 խաղ)։

Եվ այս ամենը նա անում է խաղալով այն դիրքում, որն իրեն դուր չի գալիս (կենտրոնում), քանի որ նրա սիրելի ձախ թևը զբաղեցնում է Վինիսիուսը։

Ամփոփելով՝ եթե խնդիրը Մբապեն է, լուծումը պարզ է. Կիլիանը վերադարձնում է «Ռեալին» իր տրանսֆերի համար վճարված գումարը և հունիսի 30-ին դառնում ազատ գործակալ։

Քանի՞ ակումբ պատրաստ կլիներ վճարել Մբապեին 40-60 միլիոն տրանսֆերի և 40 միլիոն աշխատավարձի համար։ Կարծում եմ՝ բոլորը («Սիթի», «Արսենալ», «Լիվերպուլ», «Բավարիա», «Բարսելոնա»...)։ Բայց նրանք հաստատ նույն գումարը չէին վճարի Վինիսիուսի համար։

Այնպես որ, եթե Մբապեն վերադարձնի բոնուսը, իսկ «Ռեալը» խնայի նրա բարձր աշխատավարձը, թիմը կազատվի «գլխացավանքից», տիտղոսները կգան, և խնդիրը կլուծվի։ Եվ այդ որոշումը կարող է անձամբ կայացնել Ֆլորենտինոն, որպեսզի սովորությունը չփոխի։


Ամենակարդացված