Հոդվածներ

Դա մարտավարական պարտություն չէր
07.04.2026
441 0

Ամալիո Մորատալայի տեսակետը

Արբելոան շատ արագ ու խորամանկ գտնվեց: «Մալյորկայից» կրած պարտությունից անմիջապես հետո նա ողջ մեղքն իր վրա վերցրեց և այդպիսով թիմի վրայից հանեց այն ճնշումը, որն ավելի արագ էր տեղ հասնելու, քան իր խոսքերը:

Բայց իրականությունն այն է, որ՝ մի կողմ թողնելով մեկնարկային կազմն ու փոփոխությունները (որոնք կարելի է քննարկել), ես դաշտում չտեսա խաղացողների այնպիսի պոռթկում, որը ցույց կտար, թե նրանք գիտակցում են՝ Լա լիգան ձեռքից գնում է (նույնիսկ չիմանալով «Մետրոպոլիտանոյի» արդյունքը՝ 1-2): Պետք էր գնալ ամեն ինչի: Գուցե առանց կարգի, գուցե առանց ռազմավարության, գուցե առանց մարտավարության, բայց պետք էր գնալ այն հավատով, որ 1-0-ը հնարավոր է շրջել:

Միլիտաոն «ցեղական» հարվածով (1-1) հավասարեցրեց հաշիվը, բայց «Խուանիտոյի ոգին», որին այդքան սիրում է հղում անել Արբելոան, այդպես էլ չհայտնվեց: Փոփոխությունների շարանը նույնպես չլավացրեց իրավիճակը և արդյունքում՝ արժանիորեն երեք միավոր «Մալյորկային»:

Չգիտեմ՝ մադրիդիստների համար բավարար է այն, որ մարզիչն իր վրա է վերցնում մեղքը, որովհետև թիմը չի «միանում»: Արդյո՞ք արդեն հնչում են այն նույն քննադատական ձայները, որոնք Խաբի Ալոնսոն ուներ «Մադրիդի» խաղի վերաբերյալ: Տպավորություն է, թե մենք վերադարձել ենք ելման կետին, բայց այն տարբերությամբ, որ ընդամենը մի քանի ժամից պետք է հյուրընկալենք «Բավարիային», այլ ոչ թե նոր ենք սկսում մրցաշրջանը

Եվրոպայի գավաթի խաղը «Բեռնաբեուում» միշտ այլ պատմություն է, բայց ես հետևում եմ գերմանացիներին մի լիգայում, որտեղ նրանք գերիշխում են, և ինձ համար դժվար է պատկերացնել, թե ինչպես են «սերուցքայինները» կարողանալու երկու խաղի արդյունքում հաղթել «Բավարիային»:

Հնարավոր է՝ ես եմ թերահավատը, և իրականությունն ինձ իր տեղը կդնի, բայց եթե ստիպված լինեի ընտրել մեկնարկային կազմ, ես հիմնականում հույսը կդնեի վերաբերմունքի, այլ ոչ թե տաղանդի վրա:

«Ռեալ Մադրիդում» տաղանդից զուրկ ոչ ոք չկա, բայց կան արդյունավետության չափազանց շատ «անջատումներ»: Եվ սրանում ես համաձայն եմ Արբելոայի հետ. «Խաղացողները պետք է հասկանան, որ առանց 200 տոկոսի մենք չէինք հաղթելու...»: Հիմա՝ այո՛: Սա է գլխավոր լարը: Հիմա մարտավարական գրատախտակների ժամանակը չէ, այլ սայլը առաջ տանելու և վերջ:


Ամենակարդացված