Հոդվածներ

Անհամ «Մադրիդը»
11.04.2026
534 0

Ալֆրեդո Ռելանյոյի սյունակը․ Հայելու մյուս կողմում

Մոխրագույն գիշեր «Բեռնաբեուում», որտեղ բոլորի մտքերը, բացի «Ժիրոնայից», Մյունխենում էին: Միչելի թիմը, որը քայլ առ քայլ ուղղում է իր վատ մեկնարկը և շաբաթներ շարունակ բարձրանում է մրցաշարային աղյուսակով, անցկացրեց հավասարակշռված խաղ՝ պաշտպանվելով մեծ ուժերով և գրոհելով առանց շտապելու, բայց և առանց դադարի: Դա նրանց բավարարեց հեղինակավոր ոչ-ոքի կորզելու համար. մի միավոր, որը գուցե վերջում վճռորոշ լինի եվրոպական գոտի հասնելու համար:

Ինչ վերաբերում է «Մադրիդին», այս ոչ-ոքին սառեցնում է Լա լիգայի չեմպիոնական մրցավազքում մնալու ցանկացած հեռավոր հույս և ոչ մի նոր բան չի խոստանում Մյունխենի խաղից առաջ: Թիմը կարող է կառչել 11-մետրանոցի չնշանակումից, բայց մրցավարը տեսավ միայն ոտքերի խճճվելը, այլ ոչ թե հարվածը դեմքին․ դժվար է արդարացնել VAR-ի սենյակում գտնվող Տրուխիլյոյի անգործությունը:

Այդ 11-մետրանոցը նման է մի կոտրված անձրևանոցի, որի տակ «Մադրիդը» կարող է թաքցնել իր ձախողումը, բայց այն չի փրկում ընդհանուր վատ տպավորությունից: Չուամենիի բացակայության պատճառով Արբելոան կենտրոնը վստահեց Կամավինգային, ով անցկացրեց իր սովորական անկազմակերպ խաղը՝ չդառնալով խաղի հիմքն ու երաշխավորը: Բելինգեմը և Կարվախալը թողեցին բավականին լավ տպավորություն, իսկ Միլիտաոն հաստատեց, որ լավ վիճակում է: Բայց ընդհանուր մեխանիզմը այդպես էլ չաշխատեց:

Խաղի լավ մեկնարկը 15 րոպե անց անհետացավ: Վինիսիուսն ու Մբապեն փորձում էին, բայց չկարողացան «տրորել կախարդական լամպը»: «Մադրիդի» միակ գոլը խփեց Վալվերդեն հեռահար հարվածով, որի ժամանակ Գասանիգան սխալվեց՝ փորձելով գնդակը կանգնեցնել նախաբազուկներով, այլ ոչ թե ձեռքերով: Այդ գոլից հետո թիմը սկսեց բավարարվել եղածով, և երբ Լեմարը պատասխանեց նույնքան լավ հեռահար հարվածով, «Մադրիդը» չկարողացավ ուղղել իրավիճակը:

Մենք ևս մեկ անգամ կարոտեցինք այն վերջին 15 րոպեների կատաղի գրոհները, որոնցով «Մադրիդը» բազմիցս «շրջել է» դաշտը մրցակցի դարպասի վրա ու խփել անհրաժեշտ գոլերը: Չկար ո՛չ խաղ, ո՛չ էլ հանճարեղություն, ոչինչ՝ բացի 11-մետրանոցի բողոքից: Շատ քիչ է մինչև չորեքշաբթի սպասելու համար: