Հոդվածներ

Բրահիմի հավերժական ապստամբությունը
11.04.2026
133 0

Նա կատարեց գոլային փոխանցում Վալվերդեին, աշխուժացրեց խաղը նոր դիրքից և առաջատարն էր ստեղծած պահերով՝ 7 անգամ: «Ժիրոնայի» դեմ ընդհանուր «հոսանքազրկման» ֆոնին մալագացին «ճերմակների» սակավաթիվ լույսերից մեկն էր:

Միշտ հոսանքին հակառակ, բայց միշտ, երկար թիավարելուց հետո, նա հասնում է իր նպատակին: Սա Բրահիմի ապստամբությունն է: Մի հավերժական պայքար, որը նրան երրորդական պլանի դերակատարից դարձրեց գլխավոր հերոս: Նա 29 օրվա ընթացքում վեց անգամ անընդմեջ եղավ մեկնարկային կազմում այն բանից հետո, երբ 194 օրվա մեջ ընդամենը չորս անգամ էր ստացել այդ հնարավորությունը: Մի դադար, որտեղ Արբելոան հրապարակայնորեն ընդունեց, որ նա ավելիին է արժանի, իսկ Բրահիմը խաղադաշտում բազմապատկեց այդ արժանիքը:

Որպես ենթահարձակվող թե որպես «կեղծ իննյակ». կոչեք ինչպես ուզում եք: Վերջիվերջո՝ որպես Վինիսիուսի խաղընկեր: Բայց երբ «հեծելազորը» (Մբապեն) վերադարձավ, նա ստիպված եղավ վերասահմանել իր կարգավիճակը և դառնալ «12-րդ խաղացողը»: Դա եղավ «Բավարիայի» դեմ, բայց երեկ, նորից լինելով մեկնարկային կազմում, նա ձեռքերը ծալած չնստեց, այլ նորից ապստամբեց իր ճակատագրի դեմ:

Սա ապացուցեց, որ նա միակողմանի ֆուտբոլիստ չէ: Որ նա կարող է լինել և՛ «մուրճ», և՛ «ջութակ»: Որ կարող է հանդես գալ և՛ որպես կապող օղակ, և՛ որպես եզրային ֆուտբոլիստ: «Ժիրոնայի» դեմ խաղում նրա տարերքը ձախ եզրն էր, թեև նա մեծ ազատություն ուներ կենտրոն տեղափոխվելու համար: Եվ նա փայլեց: «Ես նրանից պահանջում եմ ռիսկի դիմել, այլ ոչ թե բավարարվել սխալ չանելով»,- ժամանակին ասել էր մարզիչը: Եվ նա հենց դա արեց. ակտիվ էր, սուր և հստակ գաղափարներով մասնակցեց Վալվերդեի գոլին:

Հարյուրամյակ

Նրա փոխանցումից հետո եղավ այդ հզոր հարվածը: Դա նրա մրցաշրջանի 7-րդ գոլային փոխանցումն էր և 14-րդը Լա լիգայի կարիերայում: Հիանալի վիճակագրություն տոնելու համար հոբելյանը՝ նրա 100-րդ խաղը առաջնությունում «սպիտակ» մարզաշապիկով: Եվ նա կարող էր ավելի շատ արդյունավետ գործողություններ ունենալ, եթե Մբապեն ավելի դիպուկ լիներ: Բրահիմը փնտրում և գտնում էր նրան, ինչպես այն փոխանցումը պաշտպանների թիկունքով, որը Կիլիանը հարմար դիրքից ուղարկեց Մադրիդի երկինք:

Պայքարի մեջ

Սա այն յոթ պահերից մեկն էր, որոնք ստեղծեց մալագացին: Յոթ առանցքային փոխանցում, որոնք հանգեցրին թիմակիցների հարվածներին: Հաջորդը Վալվերդեն ու Վինիսիուսն էին՝ երեքական պահով: Այս ամենին գումարած վեց փոխանցում եզրից, մեկ հաջող դրիբլինգ, չորս վաստակած տուգանային և 22 փոխանցում մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում:

Բացի այդ, նա չմոռացավ նաև պաշտպանության մասին. խլեց երկու գնդակ և հաղթեց յոթ մենապայքարում: Նա կռվեց, ստեղծեց և հստակություն հաղորդեց խաղին: Եվ դա, ընդհանուր գորշ «Ռեալ Մադրիդում», քիչ չէ: Սա հստակ ուղերձ էր Մյունխենի համար. ինչ էլ որ լինի, լինի նա մեկնարկային կազմում, թե պահեստայինների նստարանին, Բրահիմը անդադար շարունակելու է իր ապստամբությունը: Մի հավերժական ապստամբություն:


Ամենակարդացված