Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է համեմատաբար քիչ խաղաժամանակ ստանալու մասին:
«Երկու ամիս առաջ ես 120 րոպեանոց երկու խաղ եմ անցկացրել ազգային հավաքականում, ինչը նշանակում է, որ ֆիզիկապես կարող եմ գործել այնպես, ինչպես նախկինում: Դրա համար ես ցանկացա մնալ: Ակումբն ու մարզիչն էլ ինձ ասացին, որ իմ կարգավիճակում ոչինչ չի փոխվի, ու ես ստորագրեցի:
Ոչ մեկն էլ չի երջանկանում, երբ նստում է պահեստայինների նստարանին: Ի վերջո, չեմ հիշում դեպք իմ մարզական կարիերայում, որ երեք խաղ անընդմեջ լինեմ պահեստային, ու դա ինձ համար տարօրինակ էր: Բայց խնդիր չկա. մարզիչն այդպիսի որոշում կայացրեց՝ ելնելով իր պատճառներից: Ես, անշուշտ, չեմ ընկճվի դրա համար: Ընդհակառակը:
Ես խոսել եմ Անչելոտիի հետ, ու այդ խոսակցությունը եղել է նրա նախաձեռնությամբ: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք, ոչ մի խնդիր չունենք: Ամբողջությամբ հանգիստ եմ, գիտեմ, որ պետք է ինքնուրույն աշխատեմ, ու ամեն ինչ կընկնի իր տեղը: Գիտեմ նաև, որ կիսապաշտպանությունում մեծ մրցակցություն կա: Այո՛, մեր թիմում երիտասարդ կիսապաշտպաններ կան, բայց նրանք բարձրակարգ են ու դրա համար էլ խաղում են «Ռեալում»:
Ես և Կրոսը չենք հանձնվում, թեպետ գիտենք, որ ամեն բան ունենում է իր ավարտը: Այո՛, նա ինձնից փոքր է չորս տարով, բայց այլ պատկերացումներ ունի կարիերայի տևողության մասին: Նա հիանալի տղա է, ու ես ուրախ եմ, որ կարող ենք միասին վայելել մեր կարիերայի վերջին մասը:
Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները մինչև տարեվերջ: Ինչպես միշտ, կարևորագույնը թիմի հետաքրքրությունն է: Եթե պարզվի, որ այլևս կարևոր չեմ, կմտածեմ անելիքներիս մասին: Կրկնում եմ՝ ես չեմ մնացել միայն մնալու ու նստելու համար. ես ուզում եմ խաղալ ու վայելել ֆուտբոլն այնպես, ինչպես այս հիանալի ակումբ եկած իմ առաջին օրվանից»,- Infinite Madrid-ի հաղորդմամբ՝ ասել է Լուկա Մոդրիչը:
Fenomeno, Realmadrid.am