Գլխավոր ասամբլեայի նիստում Ֆլորենտինո Պերեսի ելույթի հիմնական հատվածները
«Մեր թիմը չի հոգնել հաղթելուց, քանի որ լի է յուրահատուկ տաղանդներով, իսկ գլխավոր մարզիչը պատմության ամենահաջողակ մասնագետներից է ի դեմս Անչելոտիի, որը հիանալի է ներկայացնում մեր ակումբի արժեքները»:
«Խոսելով ակումբի ապագայի մասին՝ մենք հայտարարել էինք Վինիսիուսի, Ռոդրիգոյի, Վալվերդեի և Կամավինգայի հետ պայմանագրերի երկարաձգման մասին: Կա նաև Բելինգեմը, որն ընդամենը 20 տարեկան է, սակայն արդեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նրա կոչումը մի ամբողջ ժամանակաշրջան նշանավորելն ու «Ռեալի» լեգենդ դառնալն է»:
«Մենք գտնվում ենք «Բեռնաբեուի» վերակառուցման վերջին փուլում, որը տեղավորելու է 80 հազար մարդ: Աշխատանքների ավարտից հետո նոր դարաշրջան կսկսվի «Ռեալի» համար: Վերակառուցված մարզադաշտը մեր ակումբն ավելի լավը կդարձնի»:
«Ֆուտբոլն աննախադեպ ինստիտուցիոնալ ճգնաժամ է ապրում: Իրավիճակը շատ լուրջ է, կա՛մ մենք կարձագանքենք հիմա, կա՛մ ֆուտբոլը չի ապրի: Այդ պատճառով էլ Սուպերլիգայի նախագիծը հիմա առավել քան երբևէ անհրաժեշտ է:
Kodak ընկերությունը սննկացավ, քանի որ չգիտեր՝ ինչպես հարմարվել նոր իրողություններին: Nokia և Erikson ընկերությունները կորցրին առաջատարությունն իրենց ոլորտներում, քանի որ չգիտեին՝ ինչպես հարմարվել նոր իրողություններին: Այդ պատմությունն ամենուրեք է և ֆուտբոլը բացառություն չէ:
Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը տարօրինակ է, աբսուրդ և անիմաստ: Կա՛մ մենք կարձագանքենք հիմա, կա՛մ ֆուտբոլը չի ապրի»:
«Հիմա խոսեմ ներքին գործերի մասին, որոնք նույնպես տագնապ են առաջացնում՝ մասնավորապես Լա լիգայի մշտական հարձակումը «Ռեալ Մադրիդի» վրա: Սա շատ լուրջ հարց է: Լիգան փորձում է հարձակվել ակումբի անձնական ակտիվների վրա, մեր սոսյոների վրա, որոնք տանջվում են դրանից: Նրանք օգտագործել են բոլոր ռեսուրսները՝ սկզբում խայտառակ CVC-ն, որին մենք համաձայնվել ենք, իսկ հիմա նրանք օրենք են մշակում, համաձայն որի Լիգան հնարավորություն կունենա հեռացնելու ակումբի նախագահին: Չպետք է տաղանդ լինել՝ հասկանալու, թե ում են նրանք ցանկանում հեռացնել: Ազգային դատարանն արդեն անօրինական է ճանաչել այդ օրենքը:
Լա լիգայի նախագահը չարաշահում է իր պաշտոնը և ցույց տալիս, որ ոչ բոլոր ակումբներին է միօրինակ վերաբերվում: Տեղեկացնեմ նաև, որ նա հերթական անգամ բարձրացրել է իր աշխատավարձը: Լա լիգան սկսում է գնալով ավելի ու ավելի շատ գումար ծախսել այնպիսի բաների վրա, ինչպիսին է նրա ղեկավարի աշխատավարձը»:
«Կցանկանայի խոսել նաև VAR համակարգի մասին: Ոչ ոք հստակ չգիտի՝ ինչպես է VAR-ը «գծում» խաղից դուրս վիճակի գծերը և մենք մշտապես տարօրինակ բաներ ենք տեսնում, որը կասկած է առաջացնում մրցավարության հարցում: Մեզ ամբողջ պատկերն ու բացատրությունը չեն տալիս և դա մեծ կասկածներ է առաջացնում»:
«Խոսքս ավարտելուց առաջ ցանկանում եմ անպայման հիշել «Նեգրեյրայի գործի» մասին: Կարճ կարտահայտվեմ, քանի որ ամեն ինչ իրավապահ մարմինների ձեռքում է, սակայն ինձ աննորմալ է թվում այն, որ ֆուտբոլային ակումբը 20 տարիների ընթացքում գրեթե 8 միլիոն եվրո է վճարել փոխնախագահին և երկրորդ մարդուն Իսպանիայի մրցավարության ոլորտում: Սա շատ լուրջ հարց է, որը ուժեղ ազդել է իսպանական ֆուտբոլի իմիջի վրա, բայց մենք ամբողջովին վստահում ենք արդարադատությանը»:
Ակումբի գլխավոր ասամբլեայի նիստի ընթացում «Ռեալի» պատվավոր նախագահ է ընտրվել թիմի լեգենդար կիսապաշտպան Պիրին, ինչպես նաև որոշում է կայացվել Վալդեբեբասն անվանափոխել «Ֆլորենտինո Պերեսի անվան մարզական քաղաքի»: