Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Ռեալ Սոսիեդադի» հետ (01.04.2025 23:30):
«Եվս մեկ եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը ոգեշնչում է մեզ։ Մենք պատրաստ ենք առաջիկա խաղին և մոտիվացված ենք։ Մենք լավ մարզավիճակում ենք»։
«Այս մրցաշրջանում «Բարսելոնային» գովում են, իսկ «Ռեալին»՝ քննադատում։ Դա ինձ չի անհանգստացնում, քանի որ ամեն մեկը իր կարծիքն ունի։ Ինձ շատ է դուր գալիս մեր խաղը, և դա արդեն երեք տարի շարունակ այսպես է։
Սկզբից գիտեինք, որ այս մրցաշրջանը բարդ է լինելու, բայց այնուամենայնիվ, մենք լավ ենք հանդես գալիս՝ հաշվի առնելով մեր ֆուտբոլիստների լուրջ վնասվածքները»։
«Վաղը Էնդրիկը կարող է խաղաժամանակ ստանալ, քանի որ նա շատ լավ է դրսևորում իրեն Իսպանիայի գավաթում։ Բայց երբեմն պետք է ընդունել այն փաստը, որ խաղը սկսում ես պահեստայինների նստարանին, քանի որ այս ակումբում շատ են համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստները։
Կարծում եմ՝ «Ռեալի» պատմությունը միայն ապացուցում է, որ բազմաթիվ կարևոր ֆուտբոլիստներ երկար ժամանակ եղել են պահեստայիններ՝ Վինիսիուսը, Ռոդրիգոն, Վալվերդեն, Կամավինգան...»։
«Ո՞վ է լինելու մեր դարպասապահը, եթե դուրս գանք Իսպանիայի գավաթի եզրափակիչ։ Լունինը կամ Կուրտուան։ Եթե երկուսն էլ վնասվածք ունենան՝ «Կաստիլիայի» դարպասապահ Ֆ. Գոնսալեսը։ Եթե եզրափակիչ չմտնենք՝ նրանցից ոչ մեկը չի խաղա»։
«Սեբալյոսն ու Մենդին մեծ ջանքեր են գործադրում՝ «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղին (08.04, 23:00) պատրաստ լինելու համար»։
«Մբապեն ունի այն ներուժը, որ հասնի Ռոնալդուի հաջողություններին «Ռեալում»։ Հուսով եմ, որ Կիլիանին կհաջողվի դա անել, թեև դա բարդ խնդիր է»։
«Մարսելոյի ավագ որդի Էնցո Ալվեսը վճռեց երեկվա «Խուվենիլ Ա»-ի՝ «Ատլետիկոյի» հասակակիցների դեմ խաղի ե՞լքը։ Ես դեռ այնքան էլ լավ ծանոթ չեմ Էնցոյի հետ, բայց նրա հետ լուսանկար ունեմ «Դեսիմայի» նվաճումից հետո, և դա հաճելի հիշողություն է։
Էնցոյին հրաշալի ապագա է սպասվում։ «Ռեալում» բոլորը հիացած են նրա առաջընթացով»։
«Արդյոք մրցավարներն ավելի բարեհա՞ճ են մեզ հանդեպ ակումբի՝ մրցավարական կորպուսի վերաբերյալ բողոքից հետո։ Կարծում եմ՝ այդ հայտարարությունից հետո մենք ունեցել ենք 3 խաղ, որտեղ միավորներ ենք կորցրել մրցավարական որոշումների պատճառով»։
«Խաչաձև կապանների պատռվածքից վերականգնվելուց հետո Ալաբան շատ լավ է խաղում, այդ թվում՝ Ավստրիայի հավաքականում, բայց ամեն երեք օրը մեկ խաղալը կարող է ռիսկային լինել նրա համար այս պահին։
Ամեն դեպքում, նրանք, ովքեր «Լեգանեսի» հետ խաղում մեկնարկային կազմում չէին, կարող են վաղվա խաղը սկսել առաջին րոպեներից»։
«Կարո՞ղ եմ դառնալ «Ռեալի» պատմության առաջին մարզիչը, որը նվաճում է «թրեբլ»։ Դա մոտիվացնում է ինձ, ֆուտբոլիստներին և ակումբի ղեկավարությանը։ Ցանկացած մրցաշարի եզրափակիչ մասնակցելն արդեն ձեռքբերում է»։
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Արքայական ակումբը» Էնդրիկի գոլի շնորհիվ հաղթանակ է տոնել։