«Ռեալի»` այս տրանսֆերային պատուհանի նպատակներից մեկը` Լուիս Սուարեսը, կարող է վճռորոշ դեր ունենալ «Տոտենհեմի» խաղացող Գարեթ Բեյլի` «Ռեալ» տեղափոխության գործում:
Ինչպես հայտնում է AS-ը` հղում կատարելով բրիտանական The Sunday People-ին, «Տոտենհեմը» Սուարեսին դիտարկում է որպես Բեյլին փոխարինողի առաջին տարբերակ:
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշն արդեն իսկ որոշում է կայացրել այդ հարցում ու ակումբի նախագահ Դանիել Լևիին հայտնել, որ ցանկանում է իր թիմում տեսնել ուրուգվայցուն: Այդ տեղափոխության համար «Տոտենհեմը» պատրատվում է հատկացնել Բեյլի համար ստացվելիք գումարի մի մասը:
Բայց, այնուամենայնիվ, այս հարցում կան երկու խոչընդոտներ. «Լիվերպուլը» չի ցանկանում բաց թողնել իր խաղացողին, ում նույնիսկ ստիպել է միայնակ մարզվել այս շաբաթվա ընթացքում, և, բացի այս, «Տոտենհեմը» լուրջ մրցակից ունի ի դեմս Արսեն Վենգերի «Արսենալի», որը շատ մոտ է խաղացողին ձեռք բերելուն:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am