Կարիմ Բենզեման իր 5-րդ մրցաշրջանն է սկսում «Ռեալի» կազմում: Թիմը իր ամերիկյան շրջագայության ընթացքում իր վերջին խաղում այսօր մրցելու է Միլանի «Ինտերի» դեմ, ինչից առաջ Բենզեման Adidas-ին հարցազրույց է տվել` խոսելով ակնկալիքների մասին.«Մենք պետք է լավատեսորեն մտածենք: Պետք է մտածենք, որ հիանալի թիմ ունենք ու այստեղ ենք եկել հաղթանակ տանելու համար»: Բենզեման նաև բարձր գնահատեց Զինեդին Զիդանի հետ աշխատելու հնարվարությունը.«Երբ դեռ երեխայի է, նա իմ համար օրինակ էր: Նա մեծագույն ֆուտբոլիստ է: Թիմի համար շատ կարևոր է, որ նրա պես մարդը աշխատում է որպես մարզիչ: Նա խաղացողների համար ընկեր է ու շատ փորձառու մասնագետ է»:
Հարձակվողը վերհիշեց «Ռեալում» անցկացրած տարիները ու առանձնացրեց մեկ գոլ, որ իր վրա մեծ տպավորություն է գործել.«Բոլոր գոլերն էլ կարևոր են իմ համար ու չեմ կարող որևէ մեկն առանձնացնել: Երևի թե ամենագեղեցիկը «Այաքսին» խփած գոլն է, բայց բոլոր գոլերս էլ կարևոր են»:
Այն հարցին, թե ում է համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, Բենզեման պատասխանեց.«Շատ հիանալի ֆուտբոլիստներ կան: Այս պահին չեմ կարող որևէ մեկին առանձնացնել, բայց մի բան հստակ գիտեմ` խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում աշխարհի լավագույն ֆուտբոլիստների կողքին»:
Ֆրանսիացին նշեց, թե ով է ամենաուժեղ պաշտպանը, ում դեմ առ այսօր խաղացել է.«Շատ ուժեղ պաշտպաններ են եղել, ում դեմ խաղացել եմ, բայց Ռամոսը լավագույնն է»:
Բենզեման անկեղծացավ, որ կցանկանար նվաճել «Ոսկե գնդակը».«Ես մտածում եմ այդ մասին: Ամեն օր ես աշխատում եմ, որ մի օր նվաճեմ այդ մրցանակը»:
Բենզեման բացատրեց, թե ինչ է նշանակում լինել «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստ.«Սա լավագույն ակումբն է: Ես եկել եմ այստեղ աշխատելու համար ու երջանիկ եմ, որ այս թիմում եմ»:
Հարձակվողը նշեց, թե ֆուտբոլիստ լինելն ինչ է նշանակում իր համար.«Դա լավագույն բանն է, քանի որ ես մանկուց եմ երազել այդ մասին: Հիմա ես ֆուտբոլիստ եմ ու իրականացնում եմ երազանքս»:
Կարիմը նաև ասաց, որ խաղադաշտ դուրս գալուց առաջ որևէ հատուկ «արարողակարգ» չի անցկացնում.«Ես պարզապես երաժշտություն եմ լսում»:
Եվ վերջում Բենզեման խոսեց թիմակիցների հետ ունեցած հարաբերությունների մասին.«Վարանն իմ լավագույն ընկերն է: Ես բոլոր խաղացողների հետ լավ հարաբերություններ ունեմ, բայց Վարանի հետ ավելի հեշտ է, քանի որ նա խոսում է ֆրանսերեն»:





Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am