Աշխատած լինելով որպես «Ռեալի» սպորտային տնօրեն` Արիգո Սակին շատ լավ է ճանաչում Ֆլորենտինո Պերեսին ու ակումբի ենթակառուցվածքը: Լեգենդար «Միլանի» գլխավոր մարզիչ Սակին արդեն իսկ իր փորձով կիսվել է «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անչելոտիի հետ:
«Ես նրան ասել եմ, որ միշտ հիշի. Իսպանիայում պարզապես հաղթելը բավարար չէ: Կարլոն խելացի ու լավ մարդ է, ով ֆուտբոլից լավ է գլուխ հանում ու հասկանում է, որ «Ռեալը» աշխարհի ամենահայտնի ակումբն է: Դա նրա համար պատիվ է ու հպարտություն, և նույնը կարելի է ասել «Ռեալի» համար»,- ասել է Սակին:
Սակին վստահ է, որ Անչելոտիի կարգապահությունը հավանության կարժանանա «Բեռնաբեուի» կողմից.«Նա հաղթող մարզիչ է, բայց նրա թիմերը պարզապես արդյունքի չեն հասնում, այլ նաև ճիշտ ֆուտբոլ են ցուցադրում: Երբ Ֆլորենտինոն ինձ հարցրեց Անչելոտիի մասին, նրան ասացի, որ մի գրամ անգամ չպետք է կասկածի Անչելոտիին նշանակելու հարցում»:
Չնայած ունենալով ակումբների ղեկավարներին հնազանդվելու համբավ` Անչելոտին շատ լավ աշխատել է այնպիսի բարդ անձանց հետ, ինչպիսիք են Սիլվիո Բերլուսկոնին, Ռոման Աբրամովիչն ու ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին: Բայց, ըստ Սակիի, նա այն մարդկանցից չէ, որ ամեն ինչին «այո» է պատասխանում:
«Մի անգամ` Չեմպիոնների լիգայի խաղից առաջ, Բերլուսկոնին ասաց, որ Ինձագին պետք է լինի մեկնարկային կազմում, ինչից հետո Անչելոտին մամլո ասուլիսի ժամանակ ասաց.«Նախագահն այստեղ կարծում է, թե ինքն է ընտրում կազմը, ու դա հաղթանակ կբերի»: Դրանից մեկ օր անց Ինձագին չխաղաց, իսկ թիմը հաղթեց: Նա լսում է բոլորին, բայց երբեք արտաքին ճնշմանը տեղի չի տալիս»,- եզրափակել է Սակին:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am