Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ մոտակա օրերին ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կգլխավորի մադրիդյան ակումբը:
«Անչելոտին իմ նախընտրած մարզիչն է: Այսօր դեռ պայմանագիր ստորագրված չէ, հնարավոր է դա տեղի ունենա չորեքշաբթի: ՊՍԺ-ն կարող է հայտարարել Բլանի հետ պայմանավորվածության մասին, որը թույլ կտա Կարլոյին տեղափոխվել Մադրիդ: Չգիտեմ, թե ինչու են Անչելոտիին անվանում երկրորդ Դել Բոսկե: Կարլոն մարզել է շատ երկրների թիմեր և երբեք չի մարզել ազգային հավաքական, իսկ դել Բոսկեն «Ռեալից» հետո տեղափոխվել է հավաքական: Չգիտեմ ինչով են նման: Ինչ վերաբերվում է ֆինանսական հարցին, ապա պետք է ասեմ, որ չեմ սիրում խոսել այդ թեմայով», - ասել է Պերեսը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Արքայական ակումբը» Անչելոտիին կվճարի տարեկան 8 միլիոն եվրո: Սպասվում է, որ փարիզյան ակումբը շորտով կգլխավորի Լորան Բլանը:
«Ռեալի» նախագահը անդրադարձել է նաև Իլկայ Գյունդոգանի և Գարեթ Բեյլի հնարավոր տրանսֆերներին:
«Մենք լավ հարաբերություններ ունենք «Բորուսիայի» հետ, սակայն դա ոչինչ չի նշանակում: Մենք չունենք Գյունդոգանին գնելու առաջնային իրավունք: Բեյլի ելույթները ցույց կտան, թե արժանի է նա 90 միլիոն եվրոյի: Ֆիգուի, Ռոնալդոյի, Զիդանի և Բեքհեմի շնորհիվ մենք եկամուտների մեծ թռիչք ունեցանք: Սա իր հերթին թույլ է տալիս թիմ հրավիրել ուրիշ հիանալի ֆուտբոլիստների», - ասել է Պերեսը:
Ֆլորենտինո Պերեսը նաև խոսել է Իսպանիայի երտասարդական հավաքականի կիսապաշտպան Իսկոյի մասին:
«Ես գիտեմ, որ Իսկոն շատ ուրախ է «Ռեալ» տեղափոխվելու համար: Նույնը վերաբերվում է նաև ինձ: Պետք է նշեմ, որ ոչ մի ֆուտբոլիստի մասին ես դեռ այսպիսի խոսքեր չէի ասել, բայց Իսկոն Իսպանիայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Մեր մարզչական շտաբը դա հասկանում է: Իսկոն հիանալի պոտենցիալ ունի «Ռեալում» խաղալու համար: Եթե ամեն ինչ նորմալ լինի, շուտով մենք կհայտարարենք նրան գնելու մասին, իհարկե, մարզչի նշանակումից հետո: Տիագո Ալկանտարայի մասին կարող եմ ասել այն, որ եթե մարզիչը խնդրի, ապա նա կլինի մեր տրանսֆերային նպատակների ցանկում», հայտարարել է Պերեսը:
Արդեն տեղեկացրել էինք, որ Իսկոն պաշտոնական կարող է ներկայացվել ուրբաթ օրը: Մադրիդյան ակումբը կվճարի նրա համար 24 միլիոն եվրո:
ԱրՏուր Պետրոսյան, RealMadrid.am