Ինչպես տեղեկացնում է Մադրիդի «Ռեալ»-ի պաշտոնական կայքը, թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ հերքելով Marca թերթի տարածած լուրերն այն մասին, թե «Ռեալ»-ի ավագները՝ Իկեր Կասիլյասն ու Սերխիո Ռամոսը, ակումբի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ վերջնագիր են ներկայացրել նախագահին՝ ընտրության առաջ կանգնեցնելով վերջինիս իրենց կամ Մոուրինյոյի միջև:
«Ռեալ Մադրիդ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է «Արքայական ակումբի» նախագահի խոսքերը. «Այսօր մամուլում ստահոդ լուրեր են տարածվել, թե Իկեր Կասիլյասն ու Սերխիո Ռամոսը վերջնագիր են ներկայացրել ինձ՝ պահանջելով գլխավոր մարզչի պաշտոնից ազատ արձակել Ժոզե Մոուրինյոյին, այլապես նրանք կհեռանան թիմից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տեղեկությունը շատ կարևոր է և ուղիղ կապ ունի ակումբին՝ որոշեցի անձամբ պատասխանել այդ հայտարարությանը: Ակումբի չորս ներկայացուցիչ հանդիպել են միմյանց ու քննարկում ունեցել, որն անցել է հրաշալի մթնոլորտի ներքո, դրա ժամանակ ոչ ոք ոչ մի տեսակ վերջնագիր չի ներկայացրել, հետևաբար այդ լուրերը կեղծիք են: Հարգում եմ մամուլը, ընդունում քննադատությունը, բայց սա անբարոյականություն է, պառակտիչ գործողություն: Մեր ակումբը լավագույնն է աշխարհում իր միասնության շնորհիվ: Կրկնում եմ՝ հերքում եմ այդ լուրերը, որոնք փորձում են երկպառակություն առաջացնել 110 տարվա պատմություն ունեցող թիմում»:
Գևորգ Մովսիսյան, ©Realmadrid.am