Մադրիդի «Ռեալ»-ը այսօր «Մեստալյա» մարզադաշտում կփորձի նորից հաղթել «Վալենսիա»-ին ու վերջնականապես ապահովել տեղը Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում: Առաջին խաղում «արքայական» ակումբը «Սանտիագո Բեռնաբեու»-ում հաղթեց 2:0 հաշվով, իսկ Մարսելոն նշեց իր վերադարձը հիմնական կազմ:
Պատասխան խաղից առաջ պաշտպանը կիսվել է ակնկալիքներով.«Մենք միշտ մեր ողջ ուժերը ներդնում ենք կատարելագործվելու համար: Մենք վստահություն ենք զգում, քանի որ լավ ենք խաղում, ու ցանկանում ենք շարունակել պրոգրեսը: Ամեն ինչ անելու ենք, որ շարունակենք այդ պրոգրեսը: Հասկանում ենք, որ եթե սխալներ թույլ տանք, կարող ենք դուրս մնալ մրցաշարից, այնպես որ մենք զգոն ենք»:
«Վալենսիա»-ն հաղթել է գավաթի խաղարկության շրջանակներում սեփական հարկի տակ անցկացրած վերջին երկու խաղերը, ինչի մասին Մարսելոն ասաց.«Մենք պետք է ուշադիր լինենք նրանց բոլոր խաղացողների նկատմամբ: «Վալենսիա»-ն ուժեղ մրցակից է, ու նրանց դաշտում խաղալը դժվար է, որի նպաստող հանգամանքներից են նաև տեղի երկրպագուները: Այս մարզադաշտը մեզ մոտ լավ հիշողություններ է արթնացնում, քանի որ այստեղ հաղթեցինք Իսպանիայի գավաթը երկու տարի առաջ»:
Մարսելոն, ով մի քանի ամիս բացակայում էր վիրահատությունից հետո, խոսել է իր վերադարձի մսաին.«Ես շատ երջանիկ էի, երբ վնասվածքից հետո դուրս եկա «Բեռնաբեու»-ի խոտածածկ: Այդ րոպեները մի փոքր ֆիլմի էին նմանվել ինձ համար, ու ես շատ հուզված էի»:


Los Merengues, Realmadrid.am