«Ռեալ Մադրիդը» շարունակում է պատրաստվել Արքայական գավաթի շրջանակներում «Վալենսիայի» հետ պատասխան խաղին: Հիշեցնենք, որ առաջին խաղում հաջողությունն ուղեկցել է մադրիդցիներին: Եվ ահա հերթական մարզումից հետո առաջիկա հանդիպման մասին խոսել է «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան:
«Անցած տարվա վերջին մենք շատ միավորներ կորցրեցինք: Կարծում եմ տոնական օրերի ընթացքում մեզ հաջողվեց լուրջ հետևություններ անել: Վերջին երկու-երեք խաղերում մեր ցուցադրած ֆուտբոլը խոսում է այն մասին, որ քայլ առաջ ենք արել: Կարևոր հաղթանակներ տարանք: Ճիշտ ճանապարհի վրա ենք: Հարկավոր է նույն կերպ շարունակել»
«Վալենսիան» շատ լավ թիմ է և չեմ կարծում, որ նրա հետ դիմակայությունում արդեն ամեն ինչ վճռված է: Առաջին խաղից հետո ունենք երկու գոլի առավելություն, բայց սա ֆուտբոլ է և հնարավոր է ամեն ինչ: Կիրակի օրը մեզ հաջողվեց խոշոր հաշվով հաղթել նրանց Լա Լիգայի շրջանակներում և վստահ եմ առաջիկա գավաթային խաղում նրանք չափից դուրս մոտիվացված են դուրս գալու խաղադաշտ: Դժվար հանդիպում է սպասվում մեզ «Մեստալիայում»
«Ինչ վերաբերում է իմ խաղին, ապա զգում եմ, որ գտնվում եմ լավ մարզավիճակում: Դարձա մի քանի գոլերի հեղինակ: Չեմ պատրաստվում կանգ առնել: Աշխատում եմ այնպես, ինչպես արել եմ առաջ: Միշտ փորձում եմ լինել լավ մարզավիճակում: Հաճելի է, երբ բոլորը, սկսած ԶԼՄ-ներից, խոսում են քո լավ խաղի մասին: Ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարացնեմ բոլորի սպասելիքները»
«Լա Լիգայում զգալի հետ ենք մնացել առաջատարից, բայց չենք պատրաստվում հանձնվել: Պայքարելու ենք մինչև վերջ ու բոլոր խաղերում դուրս ենք գալու խաղադաշտ միայն հաղթանակի համար: Առջևում են նաև Չեմպիոնների լիգայի հանդիպումները, որտեղ նույնպես խաղալու ենք հաղթելու համար:»
«Վերջում չեմ ցանկանա խոսել Արքայական գավաթի կիսաեզրափակիչի մասին, ինչպես նաև մրցավարությունից, քանի որ դեռևս հաղթահարված չէ «Վալենսիայի» արգելքը, իսկ մրցավարի մասին խոսելն իմ պարտականությունների մեջ չի մտնում: Հիմա մտածում ենք միայն այդ հանդիպման մասին: Խաղալու ենք հաղթանակի համար»,- ավարտել է գերմանացի ֆուտբոլիստը:
Հաբեթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ©Realmadrid.am