«Ռեալ Մադրիդի» խաղացող դառնալուց ժամեր անց Էմանուել Ադեբայորը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական հեռուստաընկերությանը ու պաշտոնական կայքին:
Ի՞նչ է Ձեր համար նշանակում «Ռեալի» կազմում հայտնվելը:
Եթե ազնվությամբ ասեմ, ապա սա իմ երազանքն էր: Ես ծնվել եմ ու սկսել եմ ֆուտբոլ խաղալ Աֆրիկայում, բացի այդ էլ շատ անգամներ չեմ քնել ու երազել եմ, որ մի օր կխաղամ «Ռեալում»: Ես երազում էի Եվրոպայում խաղալու մասին ու խաղացի «Մեցում», «Մոնակոյում», «Արսենալում», «Ման. Սիթիում».. իսկ հիմա հայտնվել եմ լավագույն ակումբում ու իմ երազանքը կատարվեց:
Ինչը՞ Ձեզ ստիպեց փոխել «Սիթին» «Ռեալով»:
Իմ ազգային հավաքականի ավտոբուսի վրա կատարված հարձակումից հետո ես շատ ծանր ժամանակաշրջան էի ապրում: Դա ինձ վիրավորանք հասցրեց, քանի որ այնքան էլ հասարական պատահար չէր: Այդ ժամանակ ես մի քանի րոպե մահվան ու կյանքի միջև էի: Ինձ համար դժվար էր մրցաշրջանը ավարտել լավ մարզավիճակով: Իմ նախկին մարզիչը ինձ առանձնացրել էր թիմից ու գերադասում էր խաղացնել ուրիշներին, իսկ «Ռեալը» եկավ իմ հետևից: Ես ավելին չէի կարող պահանջել: Ես չէի խաղում «Ման. Սիթիում» ու մտածում էի, որ պետք է այստեղ գամ: Ս աինձ համար շատ ծանր պահեր էին, բայց ես ինձ ավելի հանգիստ զգացի, երբ նոր պայմանագիր կնքեցի: Ես շատ երջանիկ եմ ու անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ խաղալու «Ռեալի» կազմում:
Դուք պետք է երջանիկ լինեք, չէ որ 2011 թվականը լավ սկսվեց Ձեր համար ի տարբերություն 2010-ի:
Իհարկե, չէ որ 2010 թվականը ինձ համար սկսվեց ահաբեկչությամբ, իսկ ահա 2011-ը սկսվեց նրանով, որ տեղափոխվեցի «Ռեալ» ու հիմա նստած եմ «Սանտիագո Բեռնաբեուում»: Ես շատ ուրախ եմ ու երախտապարտ: Այս տարին ինձ համար լավ սկսվեց ու հուսով եմ, որ լավ էլ կվերջանա: Ես ուզում եմ շատ մրցանակներ նվաճել, շատ գոլեր խփել ու շատ հաջողությունների հասնել: Ահա թե ինչու եմ եկել այստեղ: Ինձ սխալ մի հասկացեք, ես գիտեմ, որ հեշտ չի լինելու, բայց ես աշխատելու եմ, որ դառնալ «Ռեալի» լիիրավ մասնիկը:
Ինչքա՞ն էր Ժոզե Մոուրինյոյի դերը այս տրանսֆերի մեջ: Դուք անհամբերությա՞մբ եք սպասում նրա հետ աշխատելուն:
Ես հնարավորություն եմ ունեցել հաղթել նրան, երբ նա դեռ «Չելսիում» էր, իսկ ես` «Արսենալում»: Ես ունեմ մի քանի այլ աֆրիկացի ընկերներ, օրինակ Էտո´Օ-ն ու Դրոգբան, ու ամեն անգամ նրանց հետ զրուցելուց նրանք ինձ ասում են, որ Մոուրինյոն ֆանտաստիկ մարզիչ է, ու որ ես շատ մեծ հաճույքով կաշխատեմ նրա հետ: Նրանք ինձ ասել են, որ ես պարտավոր եմ պատասխանել ԱՅՈ, եթե երբևէ առաջարկ ստանամ նրանից, ու հանկարծ չկասկածեմ այդ որոշման իրավացիության մեջ: Ես շատ ուրախ եմ, քանի որ նա շատ բան է արել, որ ես այստեղ լինեմ, իսկ ինձ մնում է անել ամեն բան, որ հուսախաբ չանեմ նրան ու ակումբին: Ես գիտեմ նաև, որ նա միակը չի եղել, որ ցանկացել է ինձ բերել այստեղ, քանի որ շատ այլ մարդիկ կան, որ ցանկացել են դա ու թույլ են տվել նրան ձեռք բերել ինձ: Ես ուզում եմ նրանց ուրախացնել իմ խաղով, գոլերով ու ուզում եմ հաճույք ստանալ դաշտում:
Դուք զրուցե՞լ եք Բենզեմայի կամ Լասի հետ:
Երեկվա խաղից հետո ես զանգել եմ Բենզեմային, բայց նրա հեռախոսը անջատված էր, ինչը, ամենայն հավանականությամբ, ինքնաթիռում գտնվելու պատճառով էր: Իսկ ահա խաղից առաջ ես խոսել եմ Լասի հետ, ով ողջունեց ինձ ու նշեց, որ շատ ուրախ է, որ ես այստեղ եմ: Նա իմ լավ ընկերն է. չնայած որ մենք «Արսենալում» մի քանի ամիս ենք միասին խաղացել, մինչև հիմա կապի մեջ ենք իրար հետ: Կարծում եմ, ես կունենամ մեկ այլ ընտանիք այստեղ: Ես խաղացել եմ նաև Ռոնալդուի դեմ, երբ նա «Յունայթեդում» էր: Ես գիտեմ, որ մեծ ակումբում եմ, որտեղ կան շատ խաղացողներ, որոնք ինձ ամեն ինչում կօգնեն ու ավելի հեշտ կդարձնեն իմ այստեղ խաղալը:
Դուք հեռուստատեսությամբ շա՞տ էիք դիտում իսպանական ֆուտբոլ:
Իհարկե: Անգլիայում խաղերի մեծ մասը կայանում են ժամը 15-ի (Երևանում` 18:00) սահմաններում ու ես շանս ունեի շուտ ավարտել խաղերը ու դիտել նաև «Ռեալի» ու «Բարսայի» խաղերը երեկոյան ժամերին: Լա Լիգան ու ԱՊԼ-ն շատ տարբեր են: Վերջինը, իհարկե, ավելի շատ ֆիզիկապես լավ պատրաստվածություն է պահանջում, իսկ երկրորդը` տեխնիկապես: Լա լիգան ավելի «Ինտելեկտուալ» է, ճիշտ է այս բառը այնքան էլ տեղին չէ, բայց դա ասում եմ այն իմաստով, որ այստեղ կան գնդակ պահելու մեծագույն վարպետներ: Ես խաղացել եմ Դավիդ Սիլվայի հետ, ով մեծագույն իսպանացի խաղացող է: Տարբերությունը մեծ է, բայց ես ֆուտբոլիստ եմ ու հույս ունեմ, որ արագորեն կհարմարվեմ նոր առաջնությանը:
Ի՞նչ կարող եք Դուք ու «Ռեալը» անել, որ խանգարեք «Բարսելոնային» նվաճել առաջնության չեմպիոնությունը:
Կարծում եմ, մենք միայն պետք է հաղթենք մեր խաղերը: Բացի այդ առջևում կա դեռ ապրիլի 17 (այդ օրը կայանալու է պատասխան Կլասիկոն - խմբ. մեջբերում): Եթե մենք զիջենք նրանց արդեն 6-7 միավոր, ապա պայքարելն իմաստ չի ունենա: Իսկ հիմա տարբերությունը 4 միավոր է, ու մենք պետք է հաղթենք մեր խաղերը ու պահենք տեմպը, իսկ այդ ընթացքում հուսանք, որ նրանք իրենց ճանապարհին կսայթակեն: Հիանալի կլիներ, եթե նրանցից առաջ անցնեինք, հաղթելով նրանց «Բեռնաբեուում», բայց դա հեշտ չի լինի իրագործել: Մենք պետք է հաղթենք մեր բոլոր խաղերը ու պահպանենք թիմային ոգին: Ես կարծում եմ, որ այս ակումբը ու թիմը ունեն ամեն անհրաժեշտ բան, որ դառնան չեմպիոն:
Ինչպե՞ս եք Ձեզ հիմա զգում: Պատրա՞ստ եք հենց հիմա խաղալ, եթե Մոուրինյոն Ձեր կարիքը ունենա:
Այո, պատրաստ եմ, բայց ես կարիք ունեմ մեկ-երկու խաղ անցկացնելու, քանի որ գրեթե 5 ամիս է, ինչ ստաբիլ չեմ խաղում: Ես չեմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ 90 րոպե խաղալու շանս ստացել: Ես կանեմ ամեն անհրաժեշտ բան` լավ կմարզվեմ ու ճիշտ կսնվեմ: Կանեմ ամեն բան, որ նորից լավ մարզավիճակ հավաքեմ ու պատրաստ լինեմ 90-95 րոպե խաղալ: Եթե մարզիչը ուզի, որ ես խաղամ, այդպես էլ կլինի, քանի որ հենց դրա համար եմ ես եկել այս ակումբ: Ես ամբողջ սրտով նվիրվելու եմ թիմին: «Ռեալում» խաղալու հնարավորությունը դրանում ոչ մի կասկած չի թողնում: Պետք է ցույց տաս քո արժանիքները:
Ի՞նչ է Ձեր համար նշանակում գոլ խփելը:
Դա լավագույն բանն է, որ գոյություն ունի: Երբ տեսնում ես, որ հարվածիցդ հետո գնդակը հատում է գիծը, 4-5 վայրկյանի ընթացքում աննկարագրելի բան ես զգում: Դու քեզ զգում ես որպես հերոս, անկասելի: Ես սիրում եմ գոլեր խփել: Մի քանի վայրկյան քեզ թվում է, թե դրախտում ես: Միշտ էլ հաճելի է գոլեր խփելը: Որպես հարձակվող սա իմ աշխատանքն է, ու ես սիրում եմ իմ աշխատանքը:




Գևոր, Realmadrid.am