Կայացավ Լա Լիգայի 35-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» - «Ալավես» հանդիպումը։
Մադրիդի «Ռեալը» հանդիպմանը մոտեցել էր բավական լուրջ կորուստներով՝ մասնավորապես պաշտպանությունում։ Որակազրկման պատճառով չէին մասնակցում Ռամոսը և Կարվախալը, իսկ Մարսելոն և Նաչոն չէին կարող թիմին օգնել վնասվածքների պատճառով։
Եվ ահա Զինեդին Զիդանը բավական հետաքրքիր կազմ էր խաղադաշտ դուրս բերել՝ պաշտպանության աջ թևում օգտագործելով Լուկաս Վասկեզին։
Այս ամենը հնարավորություն կտար «Ռեալին» ավելի շատ կենտրոնանալ հարձակման վրա, ինչն էլ խաղի հենց մեկնարկից «Սերուցքայինները» անում էին։
Բայց «Ալավեսն» էլ իր հերթին փորձում էր անախորժություններ պատճառել տան տերերին, սակայն «Ռեալի» պաշտպանները վստահ էին գործում։ Մեկ-երկու դրվագում էլ լավ գործեց Տիբո Կուրտուան։
Առաջին խաղակեսում «Ռեալը» այդքան էլ շատ պահեր չունեցավ, սակայն Զիդանի սաներին հաջողվեց արագ գոլի հեղինակ դառնալ, ինչի շնորհիվ էլ նրանք կարողացան խաղակեսի մնացած հատվածում ավելի վստահ գործել։
«Ռեալի» կազմում 11 մետրանոց վաստակեց Ֆերլան Մենդին, որն էլ հստակ իրացրեց Կարիմ Բենզեման՝ այդպիսով առաջ մղելով իր թիմին։
Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը ավելի շատ էին միտված հարձակմանը։ Միգուցե, դա կապված էր այն փաստի հետ, որ «Ալավեսի» ֆուտբոլիստները գնալով հոգնում էին։
Դա երևաց հանդիպման 50-րդ րոպեին, երբ պաշտպանությունում սխալ թույլ տալուց հետո Կարիմ Բենզեման և Մարկո Ասենսիոն միայնակ հայտնվեցին դարպասապահի դիմաց։ Արդյունքում ֆրանսիացու փոխանցումից հետո Ասենսիոն հաշիվը դարձրեց 2-0։
Իսկ հանդիպման մնացած հատվածում «Ռեալը» փորձում էր առանց մեծ ուժեր գործադրելու պահպանել հաշվի առավելությունը։
Այսպիսով Մադրիդի «Ռեալը» հերթական վստահ հաղթանակն է տանում և ևս մեկ քայլ անում դեպի չեմպիոնություն։
«Ռեալ Մադրիդ» 2-0 «Ալավես»։
Գոլերը՝ Բենզեմա (11), Ասենսիո (50):
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Los Merengues, Realmadrid.am