Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց հետո Էդեն Ազարը հույս ունի, որ կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։
Բելգիացին առաջին անգամ «Սանտիագո Բեռնաբեուի» խոտածածկի վրա կանգնեց մոտ 50.000 երկրպագուների ծափահարությունների ներքո։
Այնուհետև Ազարը որպես «Ռեալի» ֆուտբոլիստ առաջին անգամ մասնակցեց մամլո ասուլիսի և պատասխանեց լրագրողների հարցերին։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտանիքիս և ակումբի նախագահին։ Ես պատրաստ եմ լավագույնս դրսևորել ինձ «Ռեալում» և նվաճել բազում տիտղոսներ։ Դեռ մանկուց ես երազել եմ խաղալ «Ռեալում», և այժմ ես շնորհակալ եմ բոլորից։ Ես միշտ եղել եմ «Ռեալի» երկրպագու, և այս մարզաշապիկը կրելը մեծ պատիվ է ինձ համար։ Այս տեղափոխությունը լավ էր թե՛ ինձ, և թե՛ ընտանիքիս համար, քանի որ նրանք նույնպես ցանկանում էին, որ ես խաղամ «Արքայական» ակումբում։ Իմ մայրը ինձանից ավելի շատ էր դա ցանկանում։ Բոլորը գիտեն, որ Զիդանը իմ կուռքն է, իսկ այժմ նա նաև իմ մարզիչն է։ Այս հանգամանքը նույնպես պատճառ հանդիսացավ, որ ես այժմ այստեղ եմ». ասել է Ազարը։
Բելգիացին խոսել է իր խաղային դիրքի մասին։
«Ինձ համար միշտ էլ նախընտրելի է եղել խաղալ հարձակման ձախ թևում կամ ենթահարձակվողի դիրքում, սակայն դա որոշելու է մարզիչը։ Երբ դու խաղում ես «Ռեալում», քո կողքին շատ աստղեր են, և ես փորձելու եմ նրանց օգնությամբ հասնել լավագույնին։ Իմ նպատակն է հաղթել խաղերում, նվաճել տիտղոսներ և պատմություն կերտել «Ռեալում». հավելել է Ազարը։
Նա նաև խոսել է 11 մետրանոցները իրացնելու իրավունքը Ռամոսից խլելու և 10 համարի մարզաշապիկը ստանալու ցանկության մասին։
«Ռամոսը շատ լավ է իրացնում 11 մետրանոցները, և եթե նա ինձ վստահի այդ պարտականությունը, ես կկատարեմ այն, սակայն չեմ կարծում, թե նա դա կանի։ Ես Կովաչիչի միջոցով կապ եմ հաստատել Մոդրիչի հետ և խնդրել նրան ինձ տալ 10 համարի մարզաշապիկը, սակայն նա ժպիտով պատասխանեց, որ չի կարող դա անել։ Ինձ համար խաղային համարը այդքան էլ մեծ նշանակություն չունի». ասել է բելգիացին։
Հարցին, թե արդյո ՞ք նա կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը իր նոր ակումբի կազմում խաղալով, Ազարը կարճ և հստակ պատասխանեց։
«Ես կփորձեմ դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Բայց ամենից առաջ ես ցանկանում եմ լինել լավագույնը թիմում և նվաճել շատ տիտղոսներ։ Սա նոր մարտահրավեր է ինձ համար, և ես պատրաստ եմ դրան։ Ես եկել եմ այստեղ, որ օգնեմ թիմին իմ դրիբլինգով, գոլերով և խաղով։ Ես կանեմ իմ առավելագույնը յուրաքանչյուր խաղում հաղթանակի հասնելու համար։ «Ռեալը» նախկինում շատ տիտղոսներ է նվաճել, և այժմ ես ցանկանում եմ թիմի հետ ավելացներ այդ տիտղոսների քանակը». հավելել է Էդենը։
Los Merengues, Realmadrid.am