«Մենք ողջունում ենք աշխարհի լավագույն, յուրահատուկ ու հիասքանչ ֆուտբոլիստներից մեկին»,- Էդեն Ազարի շնորհանդեսի ժամանակ ասել է «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
Մադրիդի «Ռեալի» նորեկ Էդեն Ազարը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ներկայացավ երկրպագուներին: Բելգիացին ակումբի հետ կնքել է պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
«Այսօր հրաշալի օր է, քանի որ մենք ձեռք ենք բերել հիասքանչ ֆուտբոլիստի, որն այսուհետ լինելու է մեր թիմի մի մասնիկը: Նա այն եզակի ֆուտբոլիստներից է, որ կիրք ու հուզմունք է տալիս այս խաղին: Այս խոսքերը երկար եմ ուզում ասել, քանի որ մենք այսօր ողջունում ենք աշխարհի լավագույններից մեկին: Էդեն, հիմա դու այնտեղ ես, որտեղ ցանկանում էիր լինել: Այսօր կատարվում է քո ամենամեծ երազանքներից մեկը: Այստեղ դու կզգաս այն բոլոր զգացումներն ու կրքերը, որոնցով բոլորը սպասում են քո տաղանդը, ստեղծագործական ու ջանասեր աշխատանքը վայելելուն:
Մեր 117 տարվա պատմությունը գրվել է եզակի ու բացառիկ տաղանդավոր ֆուտբոլիստների շնորհիվ, ֆուտբոլիստներ, որ առանձնահատուկ են, որոնցից մեկն այսօր այստեղ է՝ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Այս լեգենդը պետք է շարունակական լինի և պետք է համաձուլվի աշխարհի լավագույն ֆուտբոլիստներով: Մենք Մադրիդի «Ռեալն» ենք և հիմա ավելի շատ ենք հաջողություններ ու տիտղոսներ ցանկանում: Սա մեր ինքնության մի մասն է՝ հաղթանակի տենչ և պարտության հաղթահարում:
Մենք մշտապես վստահ ենք եղել, որ մենք կարող ենք հաղթել անհաղթահարելին, և հենց դրա համար մեզ մոտ հիանալի ֆուտբոլիստներ են՝ սիրված մարզիչ Զինեդին Զիդանի գլխավորությամբ:
Սիրելի Էդեն, այստեղ դու մշտապես կզգաս երկրպագուների աջակցությունը յուրաքանչյուր խաղին, քանի որ նրանց երազանքներն այսօր քեզ հետ են կապված, որովհետև լավ գիտեն, թե դու որքան յուրահատուկ ու տաղանդավոր ֆուտբոլիստ ես: Մենք շատ լավ գիտենք, որ Մադրիդի «Ռեալը» քո մեծագույն ֆուտբոլային երազանքն է եղել, և այսօր այդ երազանքն սկսում է իրականություն դառնալ: Դու երազում էիր լինել այստեղ, և այսքան տարիների ծանր աշխատանքդ «Չելսիում» տվեց իր պտուղները»,- ասել է Ֆլորենտինո Պերեսը:
«Ողջույն բոլորին: Շատ շնորհակալ եմ, պարոն Նախագահ: Շնորհակալ եմ ծնողներիս ու ընտանիքիս բոլոր անդամներին: Անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ կրելու «Ռեալի» մարզաշապիկն ու թիմի հետ տիտղոսներ նվաճելու: Ինչպես ասաց Նախագահը, իմ մանուկ հասակի երազանքն է եղել, որ ես մեծանամ ու հանդես գամ Մադրիդի «Ռեալի» կազմում: Հիմա ես այստեղ եմ և ուզում եմ վայելել այս պահը: Շատ շնորհակալ եմ բոլորիդ»,- ասել է Էդեն Ազարը:




ՏԵՍԱՆՅՈՒԹ
Fenomeno, Realmadrid.am