Մադրիդի «Ռեալի» պատմության վատագույն ձեռքբերում կոչմանն արժանանալու հարցում Ժուլիեն Ֆոբերը մրցակիցներ չունի։ 34-ամյա Ֆոբերը «Ռեալ» տեղափոխվեց 2009 թվականին ու մասնակցեց ընդամենը 2 հանդիպման։ Երկար ժամանակ է, ինչ ֆուտբոլիստի մասին ոչ մի տեղեկություն չկար, և ահա հայտնի է դարձել, որ նա վերսկսել է ֆուտբոլ խաղալ։ Նա պայմանագիր է կնքել Ինդոնեզիայի «Բորնեո» ակումբի հետ։
Ֆուտբոլիստն արդեն հասցրել է իր նորամուտը նշել ինդոնեզական ակումբի կազմում, իսկ այդ խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով։ «Բորեոն» ՖԻՖԱ-ի ակումբային դասակարգման աղյուսակում 162-րդն է։
«Ես ցանկանում եմ, որ «Բորնեոն» դառնա աշխարհի երեք ուժեղագույն ակումբներից մեկը»,- հայտարարել է Ֆոբերը։
Դեռևս դրա նախանշաններն այնքան էլ լավը չեն, բայց ֆուտբոլիստը հայտարարել է, որ նույն կիրքն է զգում ֆուտբոլ խաղալիս ու չի եկել Ինդոնեզիա կարիերայի մայրամուտը դիմավորելու։
Ֆոբերը հիշվել է նրանով, որ բաց է թողել մարզումներից մեկը՝ մտածելով, որ այդ օրը թիմին հանգիստ է տրամադրվել, իսկ արդեն «Վիլյառեալի» դեմ խաղի ժամանակ նա քնել է պահեստայինների նստարանին։
Los Merengues, Realmadrid.am