Մարկոս Լյորենտեն, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Ռեալից» մրցաշրջանի ավարտից հետո։ Թիմում լինելով բացառապես պահեստային ֆուտբոլիստ՝ Լյորենտեն չի ցանկանում նույն ճակատագրին արժանանալ նաև հաջորդ մրցաշրջանում։
Պաշտպանողական ոճի կիսապաշտպանը, որ ընդամենը 23 տարեկան է, նոր ակումբ գտնելու խնդիր չի ունենա, իսկ ամենահավանական տարբերակները «Ռեալ Սոսյեդադն» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» են։
Լյորենտեն նախորդ ամառ վերադարձավ «Ռեալ» «Ալավեսում» տպավորիչ ելույթներից հետո, բայց այդպես էլ չկարողացավ արժանի մրցակցություն ցուցաբերել Կազեմիրոյին՝ շարունակաբար մնալով պահեստայինների նստարանին։
Ընդհանուր առմամբ Զիդանը Լյորենտեին հատկացրել է 942 րոպե խաղաժամանակ, որի առյուծի բաժինը՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում։ Չեմպիոնների լիգայում ու Լա լիգայում նա դաշտում է անցկացրել միայն 182 րոպե։
«Ռեալ Սոսյեդադը» նրան ձեռք բերելու գլխավոր հավակնորդն է, ու բասկոնյան ակումբի ֆուտբոլիստ Ալվարո Օդրիոսոլան կտեղափոխվի հակառակ ուղղությամբ։ «Սոսյեդադին» հատկապես դուր է գալիս այն փաստը, որ Մարկոսի եղբայր Դիեգո Լյորենտեն արդեն իսկ իրենց մոտ է խաղում։
Այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյոք մարզիչ Էուսեբիո Սակրիստանի ու սպորտային տնօրեն Լորենի հեռանալուց հետո հետաքրքրվածությունը պահպանվել է, թե ոչ։
Միևնույն ժամանակ, «Այնտրախտը» դեմ չէ ձեռք բերել Լյորենտեին, եթե «Ռեալը» որոշի հետ վերադարձնել Օմար Մասկարելին։ Այդ դեպքում տեղի կունենա ֆուտբոլիստների փոխանակություն։
Բունդեսլիգան ներկայացնող ակումբի սպորտային տնօրեն Ֆրեդի Բոբիչը շատ լավ հարաբերություններ ունի «Ռեալի» գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսի հետ, ինչը դրականորեն կարող է ազդել բանակցությունների ընթացքի վրա։ Բացի այդ, «Ռեալում» բարձր են գնահատում այն, որ Օմար Մասկարելն ու Խեսուս Վալյեխոն լուրջ առաջընթաց են գրանցել Ֆրանկֆուրտում։
Los Merengues, Realmadrid.am